Հիմա չլինի, 5, 10 տարի հետո, այս երկրի ապագան խորհրդարանական մոդելի ընտրությունն է.Վ. Բաղդասարյան

17:34 • 17.07.15

ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, դրանց վերաբերյալ որոշ քննադատություններին, ասում է, առնվազն հաջորդ սերունդը պետք է գնա կառավարման խորհրդարանական մոդելի։ Նա նաև ասում, որ Հանրապետական կուսակցությունն այսօր միահեծան իշխանություն ունի, և հասկանալի է, որ երկրորդ փուլում չի կարող երկու իշխանամետ կուսակցություն լինել: «Այսինքն` մեկը պետք է լինի օպոզիցիա` ընդդիմություն: Եվ թող այդ ընդդիմությանը միանան բոլոր ընդդիմադիր ուժերը և գնան իշխանությունը վերցնեն»,– ասում է նա:

 

- ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստերին, ըստ ՀՀԿ խոսնակի, եղել ելույթներ, հարցեր, պատասխաններ: Այսինքն` կուսակցության անդամներն էլ հարցեր են ուղղել, թե ինչու են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները: Կուսակցությունում ստացա՞ն այդ հարցի պատասխանը: Եվ եթե այո, ապա ո՞րն է այն:

 

- Անհրաժեշտության մասին մենք բազմիցս խոսել ենք: Կրկնել եմ, նորից կրկնում եմ.եթե որևէ փոփոխություն չարվի և մնա այսօրվա Սահմանադրությունը որևէ հեղաշրջում կամ աղետ տեղի չի ունենա: Եթե գործի 95 թ. Սահմանադրությունը, նորից ոչ մի ողբերգություն տեղի չի ունենա: Եվ այստեղ կան տարակարծություններ, թե այսօր ՀՀ-ի նման երկրին ո՞ր մոդելն է ավելի հարիր: Սակայն ժամանակի առաջընթացի հետ անհրաժեշտ ու պարտավոր են փոփոփություններ: Հիմա չլինի, 10 տարի հետո, 5, այս երկրի ապագան խորհրդարանական մոդելի ընտրությունն է: Եթե մեր սերունդն էլ դրան չգնա, հաջորդ սերունդը դրան պետք է պարտադիր գնա: Այսինքն` դա ոչ թե մեկ քայլ, այլ լուրջ առաջընթաց է, որն ապահովում է իշխանությունների տարանջատման խնդիրը: Եվ այսօրվա Սահմանադրությամբ և նաև 1995 թ., Հայաստանում միահեծան իշխանություն է: Երբ լինում են հանրապետության նախագահի ընտրություններ, բոլոր  ընտրություններից հետո ներսում «պատերազմական» վիճակ է. բարիկադներ, հայհոյանքներ, կռիվներ: Ինչո՞ւ, որովհետև, երբ ընտրվում է հանրապետության Նախագահը, դրանից հետո մնացած քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին, գնում են տուն, 5 տարի քաղաքական դաշտում անելիք չեն ունենում: Որովհետև Նախագահը պետք է ձևավորի կառավարություն, Ազգային ժողովը, բնականաբար, իշխող մեծամասնությանն է, և մնացած քաղաքական ուժերի դերակատարումը, կարծես, զրոյացվում է: Այս մոդելի դեպքում վերանում է այս` «պատերազմական» իրավիճակը,   և, որպես այդպիսին, Նախագահի ուղիղ ընտրություններ չեն լինում, և  խորհրդարանական ընտրությունները  դառնում են որոշիչ: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք ունեն հավակնություններ, որոնք բարձր են գնահատում իրենց դերակատարումը, որոնք ասում են, որ հանրության մեջ իշխանությունը, առհասարակ, վարկանիշ չունի և իրենց ռեյտինգն է բարձր, նրանք կարող են խորհրդարանական ընտրություններով հասնել այդ ամենին, հասնել իշխանության: Այդ ազատության աստիճանը, այսինքն, տրված է բոլորին: Եվ այստեղ է, որ կուսակցությունների կայացման խնդիր է լուծվում, ոչ թե անձի, անհատի կայացման: Այս մոդելը այդ հնարավորությունը լիովին տալիս է:
 

-Սակայն քաղաքական ուժերը, հատկապես դժգոհ են  այդ համակարգից: Մասնավորապես, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ասելով , որ ժողովրդավարության թիվ մեկ դրույթն այն է, որ քաղաքացիները պետք է  հնարավորություն ունենան ընտրությունների միջոցով իրենց ազդեցությունն ունենալ ձևավորվող քաղաքական դաշտի վրա, հավելել էր.«Ենթադրենք՝ 10 քաղաքական ուժ ձայներ են հավաքել մոտ 10 տոկոսի սահմաններում՝ զբաղեցնելով դաշտի 100 տոկոսը: Եվ նրանից առաջին երկու առավելագույն ձայներ հավաքողները ստանում են ենթադրենք 10, 11 և 10,1 տոկոս: Այդ դեպքում մնացած մոտ 80 տոկոս ձայների հետ մենք ինչպե՞ս ենք վարվելու»: Այսինքն` էլ ուր մնաց ժողովրդավարությունը»:

 

-Ցավում եմ, որ մարդիկ թյուրըմբռնման մեջ են: Կրկնում եմ` առաջին փուլի ավարտից  հետո այն բոլոր կուսակցություններն ու դաշինքները, որոնք հաղթահարել են 5 և 7 տոկոսը, նրանք իրենց տեղերը խորհրդարանում արդեն ապահովել են: Միայն Կառավարություն ձևավորելու համար է, որ կարողանան ունենալ մեծամասնություն, հնարավորություն է տրված` դաշինքներ կազմելու և երկրորդ փուլ մտնելու, կամ առանց դաշինքների երկրորդ փուլ մտնելու: Որպեսզի ձևավորվի մեծամասնություն և այդ մեծամասնությունը կարողանա ձևավորել կառավարություն: Եթե իրենք ցանկանան կազմել դաշինքներ, կոալիցիաներ իրենց 5-ական, 7, 8 տոկոսներով, նրանք կարող են կազմել այդ դաշինքնը արդեն պառլամենտում: Ինչ է նշանակում, որ ասում են, որ առաջին երկրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը միասին կարող են հավաքել  30-40 տոկոս, իսկ մնացածները` 60-70 տոկո՞ս … չի կարող նման բան լինել: Ես չեմ հասկանում տրամաբանությունը` ինչի՞ց են դժգոհ: Մենք ասում ենք, որ բոլոր կուսակցությունները, որոնք հաղթահարում են իրենց` սահմանված շեմերը 5, 7 տոկոս (5 տոկոսը կուսակցությունների, 7-ը` դաշինքների համար) նրանք պահպանում են իրենց տեղերը, բայց կառավարություն ձևավորելու համար, վարչապետի թեկնածություն ներկայացնելու համար պետք է ձևավորվի կայուն մեծամասնություն: Դրա համար էլ կազմակերպվում է երկրորդ փուլ: Երկրորդ փուլից  առաջ հնարավորություն է տրվում կազմել կոալիցիա և կոալիցիայով գնալ երկրորդ փուլ:
 

Կրկնում եմ` Հանրապետական կուսակցությունն այսօր միահեծան իշխանություն ունի` մենակ ինքն է, միայնակ է: Եվ հասկանալի է, որ երկրորդ փուլում չի  կարող երկու իշխանամետ կուսակցություն լինել: Այսինքն` մեկը պետք է լինի օպոզիցիա` ընդդիմություն: Եվ թող այդ ընդդիմությանը միանան բոլոր ընդդիմադիր ուժերը և գնան իշխանությունը վերցնեն: Թող երկրորդ փուլում հաղթանակ տանեն: Իրենք իրենց խնդիրներն ունեն, ներսում իրենց պրոբլեմն ունեն: Այսինքն` ունեն ամբիցիաներ, բայց չունեն ռեսուրս: Եվ, բնականաբար, անընդհատ պետք է դժգոհեն, որովհետև իրենք գնահատել են իրենց հնարավորությունները: Եվ արդեն պարտվողի կարգավիճակով ուզում են արդարանալ` իրենց քննադատություններով, որ ասում են, որ սա լավ մոդել չէ և այլն, և այլն: Սկզբնական շրջանում իրենք հարցը բարձրացնում էին, որ ոչ, պետք է լինի համամասնական: Այսինքն` այս բոլոր տարիների ընթացքում առաջին անգամ դա դառնում է սահմանադրական նորմ: Սահմանադրությամբ է ամրագրվում, որ Ազգային ժողովը կազմվում է համամասնականով: Հիմա ինչի՞ց են դժգոհում:
 

-Թեպետ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները չեն դժգոհել համամասնական ընտրակարգից, ամեն դեպքում, ինչ տպավորություն ունեք`չկա՞ նման դժգոհություն:

 

-Եթե մենք սկսենք նայել մարդկանց դեմքերին, թե ով ինչ ռեակցիա է տալիս` Բաղդասարյան Վահրամի ռեակցիան ինչպե՞ս է, պատի տակ ինչ են խոսում, մենք այսպես երկիր չենք կարող կառուցել: Բայց հուրախություն մեզ կարող եմ ասել, որ մեզ մոտ կարող է` տարբեր կարծիքներ ունենան մարդիկ, բայց երբ կուսակցությունը մի բան որոշում է, բոլորը միակամ են: Ես շատ ուրախացել եմ, ես էլ թիմի շատ հին անդամներից չեմ, բայց իմ առաջին այսպես ասած` ոգևորող հանգամանքը եղել է այն, որ եթե ընդունվում է որոշում, այն դառնում է բոլորի համար օրենք: Եվ այստեղ շատ հետաքրքիր մոդել է ընտրված, և եթե մարդը զգում է, որ ինքը քաղաքական դաշտում ասելիք ու անելիք, հեղինակություն ունի, այլ ոչ թե մենակ իր «քուչում»` հայաթում է, որ ունի, իր համար շատ լավ տարբերակ է: Իսկ եթե զգում է, որ չկա, ուրեմն ինքը ԱԺ-ում անելիք չունի:
 

-Մեկ հարց էլ ընտրիչների մասով: Սկզբունքային հարց է դիտվում, որ նրանք Սփյուռքից չլինեն: Կարծես թե, սա հանված է նախնական տարբերակից: Այդպե՞ս է:

 

- Ընտրիչների հետ կապված էլ զարմանում եմ: Եթե «ընտրիչ» բառը չէր դրվում և ասվում էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը, այսինքն` չէ՞ր նշանակում, որ մեծամասնությունն ում ուզենա, կընտրի նախագահ: Ընտրիչները մտցվել են, որպեսզի լինի բազմակարծություն, որպեսի չլինի մեկ թեկնածու, լինեն տարբեր թեկնածուներ, որպեսզի պայքար լինի, հնարավորություն: Իշխանության համար ձեռնտու էր, որպեսզի ինչպես շատ երկրներում ՀՀ Նախագահի ընտրությունը կազմակերպեր Ազգային ժողովը, որում իշխանությունը կունենա մեծամասնություն և որևէ խնդիր չի լինի: Բայց այստեղ էլ ինչ-որ բաներ են փնտրում, չեմ հասկանում, թե ինչ են փնտրում: Եվ որ ասում են` ընտրիչները շատ դժվար բան է: Ո՛չ, ընտրիչները շատ հասարակ բան է: Սկսած ձևավորված համայնքներից, մարզպետարաններից, ըստ ընտրողների համամասնության։
 

-Այսինքն` Սփյուռքի ընտրիչների հարցը հանվա՞ծ է, որը սկզբունքային հարց է:
 

– Այս պահին  սփյուռքի ընտրիչների հարցը չկա, բայց հնարավոր է`ավելացվի: Եվ հետո, սա դոգմա չէ, մենք դեռ ունենք անցումային դրույթներ և կարող ենք քննարկել: Դա քննարկման առարկա է: Եվ շատ-շատ հարցեր պետք է քննարկվեն, որովհետև ոչ ոք չի ասել, որ սա է լինելու ու վերջ: Նման բան չկա, պետք է քննարկենք և բոլորին պետք է հրավիրենք քննարկումների: Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ, որը հանկարծ ցանկություն չունենա մասնակցել մայր օրենքի քննարկմանը, որ նա քաղաքական ապագա ունի: