Սերը կհաղթի. լուսանկարը, որում սիրիացի փախստականները համբուրվում են, մեծ տարածում է գտել համացանցում

16:28 • 24.09.15

Հունգարացի լուսանկարիչ Զսիրոս Իսթվանը լուսանկարել է համբուրվող զույգի Բուդապեշտի «Քելեթի» կայարանի մոտ գտնվող փախստականների բազմամարդ ճամբարում։ Լուսանկարն արվել է օգոստոսի 30-ին, երբ ներգաղթյալները կայարանի հարևանությամբ սպասել են Գերմանիա և Ավստրիա մեկնող գնացքներին, գրում է Huffington Post-ը։

 

Իսթվանը կայարան է այցելել՝ մտադրություն ունենալով գտնել այնպիսի լուսանկարներ, որոնք այլ տեսանկյունից կներկայացնեն ճգնաժամը։


«Դրդապատճառն էր տեսնել փախստականներին իմ աչքով, այլ ոչ թե մեդիայի։ Ես տեսա զույգին, և դա շատ հուզիչ էր, հատկապես՝ այդ միջավայրում»,- պատմել է լուսանկարիչը։

 

Լուսանկարը մեծ տարածում է գտել, երբ հույն ակտիվիստ և լուսանկարիչ Յանիս Անդրուլիդակիսն այն տեղադրել է իր էջում՝ մեկնաբանելով՝ «Փախստականները կհաղթեն։ Սերը կհաղթի»։

 

Լուսանկարի հեղինակը համաձայնել է նրա հետ. «Ես հույս ունեմ, որ փախստականները կգտնեն իրենց տեղն աշխարհում, և հանգստություն կգտնեն որքան հնարավոր է շուտ»։