Փարիզի Petit Palais թանգարանում տեղի է ունեցել ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելություն

18:28 • 16.10.15

Փարիզի հռչակավոր Petit Palais թանգարանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրի հրավերով միջոցառմանը մասնակցել են հազարավոր հյուրեր, որոնց թվում են եղել Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հարյուրից ավելի պատգամավորներ, սենատորներ, տեղական մարմինների ղեկավարներ, Հայաստանի և Արցախի բարեկամ քաղաքական գործիչներ, Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցիչներ, ֆրանսիացի հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ:

 

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Եվրոպական հարցերով պետնախարար Առլեմ Դեզիրը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Ժան Պոլ Հյուշոնը։

 

Դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը ուղջունել են բարձրաստիճան հյուրերին, ինչին հաջորդել է ընդունելության պաշտոնական մասը՝ թանգարանի հյուրընկալությունների սրահում:

 

ՀՀ դեսպանը հանդես է եկել Ազգային տոնի պաշտոնական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

 

«Խորհրդանշական այս տարում, երբ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, անկախության օրը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում: Այն ցեղասպանության զոհերին և Եղեռնը վերապրած մեր բոլոր նախնիներին ուղղված հայտարարության օրն է. «Մեզ ուզում էին բնաջնջել, վերացնել աշխարհի քարտեզից, բայց մենք մնացինք կանգուն: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ մենք ունենք անկախ, ինքնիշխան Հայաստան և սեփական պատմությանն ու արմատներին հավատարիմ ժողովուրդ սփռված ողջ աշխարհով:


Մենք վստահ ենք, որ հակամարտություններով և վտանգներով լի ներկայիս աշխարհում, հայ ժողովրդի ապագայի միակ իրական երաշխիքը ինքնիշխան ու անկախ պետականությունն է: Սա է մեր Անկախության գլխավոր նպատակը:


Լինելով մարդկության դեմ հանցագործության զոհ՝ հայ ժողովուրդն իր պարտքն է համարում մշտապես լինել հանուն մարդկության մղվող պայքարի առաջին գծում: Լինել բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն արդարության, խաղաղության, մարդկային արժեքների, համընդհանուր ազատությունների և իրավունքների. ահա մեր Անկախության մյուս կարևորագույն նպատակը: Լինել անկախ՝ ավելի լավ աշխարհ կառուցելու գործին լիակատար մասնակցություն ունենալու համար. սա մեծ հավակնություն է մեր երիտասարդ հանրապետության համար, բայցև բարոյական պարտավորություն հայերի պես հինավուրց ժողովրդի համար», - եզրափակել է իր ուղերձը դեսպան Չիտեչյանը:


Հանդիսավոր ընդունելության պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը` ընդունելությանը մասնակցելու նպատակով Երևանից հատուկ ժամանած Մալխաս Ջազ Բենդի ելույթով:

 

Փարիզի Petit Palais թանգարանում տեղի է ունեցել ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելություն