«Այբ» դպրոցի աշակերտները ծանոթացան «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծին

20:01 • 16.10.15

«Այբ» դպրոցում այսօր տեղի ունեցավ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդեսը: Թե ինչու հենց «Այբ» դպրոցում՝ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար-համակարգող Մարինա Սուլթանյանը նշեց, թե հաշվի առնելով կրթադաստիարակչական նշանակությունը՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համագործակցությունը կրթական ոլորտի հետ:

 

«Կարևոր ենք համարում կրթական օջախներում նման հանդիպումները, որովհետև հենց մեր երիտասարդությունն է, որ լինելու է կապող օղակը, ապագայում սերունդներին փոխանցելու մեր մշակութային ժառանգությունը: Ես տեսա մեծ հետարքրքություն երիտասարդների կողմից, որը բավականին ուրախալի փաստ է»,- ասաց նա:

 

Մինչ շնորհանդեսը՝ երեխաներին բաժանվեց «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» ձայնասկավառակներ:

 

Այնուհետև  նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությունը: Նա նշեց, որ հիմնադրամի նպատակն է եղել աջակցել հայկական մշակույթի, արվեստի տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը:

 

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի միջոցով իրենք նաև նպատակ ունեն ներկայացնել հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտությունն արտերկրում, ստեղծել երգերի ժողովածուներ, թողարկել ձայնասկավառակներ, կազմակերպել միջոցառումներ՝ հայկական երաժշտական արվեստը հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներին:

 

Արմեն Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ ստեղծել են միջազգային չափանիշերին համապատասխան հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակից թվային ձայնադարանի կայքը:

 

Կոմպոզիտորը փուլ առ փուլ նշեց, թե ինչ աշխատանքներ են իրականացրել՝ երգերի ձայնագրություններ, հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում և դասակարգում, նախագծի պաշտոնական կայք, որտեղ կարելի է երգերը ներբեռնել, երգերի մասին ստանալ համառոտ տեղեկություն, երգերի նոտաներին ու բառերին ծանոթանալ և այլն: 

 

Գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու Արթուր Շահնազարյանը նշեց, որ ընտրված են արևելյան և արևմտյան Հայաստանի հազարամյակներից եկած հայկական բոլոր երգերը:

 

«Ինչ փոխանցել են մեզ մեր պապերը և դրանք ընտրված են խիստ ընտրությամբ, որը երգել է մեր ժողովուրդը տարբեր շրջաններում՝ ուրախ երգեր, պարեր, սիրո երգեր, մանկական  երգեր, Սասունցի Դավթի էպոսի երգեր, կատակերգերը, տխուր երգերը, լացերը, ամեն ինչ կա, ամեն տեսակ երգ, աշխատանքային բոլոր տեսակի երգեր, տղամարդկանց երգերը»,-ասաց նա:

 

Իսկ կատարումների համար, ըստ նրա, ընտրությունը կատարվել է մրցույթով, ընտրել են այնպիսի երգիչներ, որոնց ձայնը հարազատ լինի լսողին: «Դասական ոկալից խուսափել ենք, որ ոկալային բան չստանանք, փորձել ենք մոտենալ բնական երգեցողությանը և շատ աշխատել ենք զգացողությանը, որ բառերին մոտ լինեն»,-ասաց նա: 

 


 

«Այբ» դպրոցի աշակերտները ծանոթացան «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծին