Հենրիկ Մալյանի անվան թատրոնի 35-ամյակի առթիվ կանցկացվի հոբելյանական երեկո

21:02 • 16.10.15

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հոկտեմբերի 17-ին կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված թատրոնի հիմնադրման 35-ամյակին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնինը, երեկոյի ընթացքում կներկայացվի թատրոնի և նրա հիմնադիր Հենրիկ Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին արխիվային նյութերի ցուցադրություն:

 

Կընթերցվեն Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև կներկայացվեն թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից հումորային հատվածներ: 

 

1980 թվականին հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանը հիմնեց կինոդերասանների թատրոն-ստուդիա, որը բացառիկ երևույթ էր 80-ականների մշակույթում: 1988-ին թատրոն-ստուդիան վերանվանվեց` կոչվելով հիմնադրի անունով: Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանի դուստրն է` Նարինե Մալյանը, ով շարունակում է հոր սկսած գործը:

 


 

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի 35-ամյակի առթիվ կանցկացվի հոբելյանական երեկո