Հայ ժամանակակից երաժշտության երկրորդ փառատոնը կնվիրվի Ցեղասպանության տարելիցին

17:23 • 16.10.15

«Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագրի ներքո հոկտեմբերի 20-27-ը կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնը: Այն իրականություն է դառնում Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմպոզիտորների միությունից, փառատոնի ընթացքում տեղի կունենան մեկ սիմֆոնիկ և երկու կամերային համերգներ, կհնչեն 18 կոմպոզիտորների ստեղծագործություններ:
 

Փառատոնի բացման համերգը (հոկտեմբերի 20) տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում. այն կմեկնարկի խաչատրյանական հնչյունների ներքո, բեմում կլինի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
 

Մյուս երկու համերգները կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հոկտեմբերի 22-ին և 27-ին: Այս տարի փառատոնն առանձնանում է նաև նրանով, որ երեք համերգային օրերի ընթացքում կլինեն ստեղծագործությունների պրեմիերաներ, որոնց մեծ մասը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
 

Փառատոնն ամբողջությամբ նվիրված է 20-րդ դարի մարդկային առաջին ոճրագործության զոհերի հիշատակին: Համերգների մուտքն ազատ է: «Արմենպրես»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

 

Հայ ժամանակակից երաժշտության երկրորդ փառատոնը կնվիրվի Ցեղասպանության տարելիցին