ՀՀ քաղաքացիները Թուրքիայում որևէ հյուպատոսական աջակցություն չեն կարող ստանալ և չկա մի երկիր, որը ՀՀ-ի շահերն այնտեղ պաշտպանում է. Տ. Բալայան
Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ուստի հնարավոր խնդիրների դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չի կարող տրամադրել ՀՀ քաղաքացիներին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք միշտ ասել ենք, որ որևիցե հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չենք կարող տրամադրել մեր քաղաքացիներին դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասաց նա և նշեց, որ երբևէ ՀՀ ԱԳՆ-ն չի խրախուսել ՀՀ քաղաքացիների այցերը Թուրքիա:
Նշենք, որ այս գիշեր մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 60 մարդ, տուժել է ավելի քան 150–ը, 754 մարդ ձարբակալվել է:
Տիգրան Բալայանը նշեց, թե այս պահին որևէ տեղեկատվություն չկա, թե արդյոք տուժածների և սպանվածների մեջ կան հայեր: Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Թուրքիայում գտնվող հայերը պետք է կապնվեն Շվեյցարիայի դեսպանատան հետ, եթե խնդիրներ ունենան, Տիգրան Բալայանն ասաց, որ նման բան չկա։
«Շվեյցարիան Ստամբուլում մեր շահերը չի ներկայացնում և ընդհանրապես որևիցե երկրի դիվանագիատական ներկայություն Հայաստանի շահերը Թուրքիայում չի ներկայացնում: Մենք մեր քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չենք կարող ցուցաբերել»,-ասաց նա:
Ըստ Տիգրան Բալայանի՝ Թուրքիայում ապրող հայերը հնարավոր խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել հայկական երկեղացական կառույցների և համայնքի հետ:
Հիշեցնենք, որ բլոգեր Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Թուրքիայում գտնվող հայերը պետք է կապնվեն Շվեյցարիայի դեսպանատան հետ, եթե խնդիրներ ունենան։










