Ամոթ է, աշխարհը մեզ չի ների, մենք մեզ չենք ների. Ռոբերտ Ամիրխանյանը զինված գործողությունների մասին

14:52 • 19.07.16

«Եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ապա բոլոր հանգուցալուծումները կգտնենք խնդիրը լուծելու համար, իսկ եթե մենք այդպիսին չենք, այո՛, զենքը կլինի որոշիչը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ խոսելով զինված խմբի կողմից ոստիկանական շենքը գրավելու և այդպես իշխանափոխություն իրականացնելու ցանկության մասին:

«Ես դա չեմ ընդունում: Գտնում եմ, որ բանականությունը չի սպառել իրեն, և մենք պետք է կարողանանք խոսել, գտնել ուժը մեր մեջ՝ բանականության լեզվով խոսելու,- ասաց նա՝ ավելացնելով,- ամոթ է, աշխարհը մեզ չի ների, մենք մեզ չենք ների: Դա մեծ պատասխանատվություն է մեր պատմության, մեր ժողովրդի հանդեպ: Մեզ հարկավոր է ունենալ քաղաքակիրթ զրույց մարդկանց  հետ»:

Նա նշեց, որ զենքը կամ քարը երբեք ոչինչ հայի կյանքում չեն որոշել:  «Ես գտնում եմ, որ  պետք է գտնել ուժեր բանական լեզվով խոսելու»:

Ռոբերտ Ամիրխանյանը նկատեց, որ կատարվածն այսօր ասոցացվում է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ: «Դրա համար գտնում եմ, որ պետք է ուրիշ ֆիլտրով նայել այս ամեն ինչին և փորձել գիտակցության ճանապարհով գնալ»,- եզրափակեց իր խոսքը կոմպոզիտորը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից երկուսն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: