Խաբենսկին ու Լամբերը նկարահանվում են համակենտրոնացման ճամբարում ապստամբության մասին ֆիլմում
Ռուս դերասան Կոնստանտին Խաբենսկին ու նրա ֆրանսիացի գործընկեր Քրիստոֆեր Լամբերը սկսել են նկարահանվել «Լեգենդ փախուստի մասին» ֆիլմում, հաղորդում է ТАСС-ը:
Նշվում է, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Գործողությունները ծավալվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանում գտնվող Սոբիբոր նացիստական համակենտրոնացման ճամբարում:
«Նախագծի գաղափարը ծագել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու մոտ, ու դրան աջակցել են պրոդյուսերներ Էլմիրա Այնուլովան ու Նատալիա Դորոշկևիչը»,- պատմել են ֆիլմի տարածմամբ զբաղվողները:
Աղբյուրը մանրամասնում է, որ սցենարի հեղինակն Ալեքսանդր Ադաբաշյանն է, ռեժիսորը` Անդրեյ Մալյուկովը, իսկ ֆիլմի հիմք է դարձել Կարմիր բանակի սպա Իլյա Վասիլևի «Ալեքսանդր Պեչորսկի. պատուհան դեպի անմահություն» գիրքը:
Ըստ սյուժեի` գերի ընկած ու համակենտրոնացման ճամբարում հայտնված խորհրդային բանակի լեյտենանտ Պեչորսկին մի խումբ խորհրդային ռազմագերիների հետ ընդամենը երեք շաբաթվա ընթացքում կարողացել է պլանավորել ու իրականացնել տարբեր եվրոպական երկրներից բերված գերիների ապստամբությունը:
Կայքը գրում է, որ Խաբենսկին կհանդիսանա որպես գլխավոր դերակատար, իսկ Լամբերը կխաղա Սոբիբոր համակենտրոնացման ճամբարի պարետ, օբերշարֆյուրեր Կարլ Ֆրենցելի դերը:
Ֆիլմը պլանավորվում է թողարկել 2017 թվականի գարնանը:










