Շեքսպիրի ամենահայտնի դիմանկարը կարող է զրկվել մորուքից
Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի փորձագետները հույս ունեն հանրությանը ներկայացնել անգլիացի գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի իրական դեմքը: Դրա համար նրանք ցանկանում են վերամշակել հայտնի «Չանդոսովյան դիմանկարը»: Կտավը, որոշ տվյալների համաձայն, ստեղծվել է 1610-ին, հնարավոր է՝ Ջոն Թեյլորի կողմից, երբ Շեքսպիրը դարձել է 46 տարեկան:
Հարյուրամյակների ընթացքում դիմանկարը, որը համարվում է միակը, որի համար Շեքսպիրը միգուցե բնորդություն է արել, փոփոխությունների է ենթարկվել:
Մասնագետներն այդ փոփոխությունները բացատրում են դրամատուրգի արտաքինն ավելի հստակ ներկայացնելու ձգտումով՝ համապատասխան նրա նկարագրությունների:
Կտավը գտնվել է Լոնդոնի Հերցոգի թատրոնում 1660-ականներին: 1856-ից նկարը պատկանում է Դիմանկարի ազգային պատկերասրահին, և այդ ժամանակից ի վեր երբեք չի ենթարկվել մշակման:
Փորձագետների գնահատականով, մշակումը կարող է մինչև մեկ տարի տևել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:










