Համայնքի բնակիչներն ինձ դիմեցին, որպեսզի դնեմ թեկնածությունս․Գառնիի թեկնածու Արուսյակ Այվազյան

13:35 • 07.09.16

Համայնքի բնակիչներն ինձ դիմեցին, որ դնեմ թեկնածությունս, ընտրվեմ համայնքի ղեկավար, և ես ընդառաջեցի նրանց․Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով Կոտայքի մարզի Գառնի համայնքում սպասվող ընտրությունների և իր՝ որպես թեկնածու առաջադրման մասին՝ ասաց «Գառնի» ՍՊԸ-ի տնօրեն Արուսյակ Այվազյանը:

«Համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, փորձում եմ ես էլ օգտակար լինել մեր համայնքին: Այո, բնապահպանական խնդիրները համախմբեցին Գառնիի բնակչությանը, հիմա էլ կարծում ենք, որ բնակիչների հետ կարող ենք համայնքում այլ բարեփոխումներ անել: Նրանք էլ են կարծում, որ եթե ես դառնամ համայնքի ղեկավար, ապա մենք միասին կարող ենք խնդիրները լուծել»,- ասաց Արուսյակ Այվազյանը:

Նշենք, որ Գառնիում համայնքի ղեկավարի ընտրությունները հոկտեմբերի 2-ին նախատեսված: Ընտրապայքարին մասնակցում է չորս թեկնածու՝ գործող համայնքապետ, անկուսակցական Աշոտ Վարդանյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից Տիգրան Կարապետյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված Ահարոն Սահակյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Արուսյակ Այվազյանը:

«Մենք որոշել ենք, որ պետք է զարգացնենք զբոսաշրջությունը մեզ մոտ, ավելի գեղատեսիլ դարձնելով և՛ համայնքը, և՛ գյուղի տարածքը, և՛ հարակից բնաշխարհը, և՛ Ազատ, և՛ Գառնի գետերը: Պետք է աշխատենք Գառնին շատ գեղատեսիլ դարձնել, որպեսզի գրավիչ լինի զբոսաշրջիկների համար»,– ասաց Արուսյակ Այվազյանը:

Նա նշեց, որ Գառնին իսկապես համարվում է զբոսաշրջության կենտրոն: Գնահատելով այստեղ տանող ճանապարհների վիճակը՝ նա նկատեց, որ դրանք անբարեկարգ են․«Բոլորի մեղավորությունն է՝ և՛ բնակչության, և՛ իշխանությունների: Բնակիչները պետք է պահանջատեր լինեն, իշխանությունը կընդառաջի այդ պահանջին, քանի որ դա հայրենիքի ավելի ամուր լինելու պահանջն է»,– ասաց նա:

Ըստ Արուսյակ Այվազյանի՝ Գառնիի ընտրություններում մրցակցություն կլինի․«Այստեղ կխոսեն ազգակցական շահերը: Բայց պետք է մարդը ձերբազատվի այդ մտայնությունից․ոչ թե իր բարեկամն է, պետք է նրան ընտրի, այլ պետք է տեսնի՝ ով արժանի է, ով կարող է ավելի  բարեկեցիկ դարձնել բնակիչների կյանքը: Ազգակցական կապերը հաշվի առնելով՝ նրանք սխալ ընտրություն են կատարում»,– ասաց նա:

Հարցին՝ արդյոք նա, ինչպես շատ համայնքների թեկնածուներ, մտավախություն չունի, որ գործող համայնքապետը կարող է օգտագործել իր ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսները, որպեսզի ընտրություններում հաջողության հասնի, թեկնածուն պատասխանեց․ «Չի բացառվում, որ գործող համայնքապետը ընտրություններում օգտագործի վարչական ռեսուրսը, բայց ես դրա համար եմ ասում, որ բնակիչները չենթարկվեն, ստրկամիտ չլինեն, ձերբազատվեն կաղապարված մտածելակերպից և ազատ ընտրելու իրավունքով գնան, իրենց խղճի ձայնին ընդառաջ գնալով՝ ընտրություն կատարեն, որպեսզի կարողանան հետո իրենց պահանջները ներկայացնել»:

Հիշեցնենք, որ Արուսյակ Այվազյանը առավել հայտնի է Գառնիում ծավալված պայքարից․ Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության կառավարությանը 30 մլն դոլար վարկ էր տրամադրել՝ ոռոգման համակարգի բարելավման համար: Այս գումարից 10.4 մլն-ն տրամադրվելու էր «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին, որի իրականացումը անհնարին համարողներից էր Արուսյակ Այվազյանը:

 

 

Համայնքի բնակիչներն ինձ դիմեցին, որպեսզի դնեմ թեկնածությունս․Գառնիի թեկնածու Արուսյակ Այվազյան