Երկու սարի արանքում ենք մնացել. լոլիկ աճեցնողները փակել են միջքաղաքային ճանապարհը

17:34 • 09.10.26

Գյուղացիների մի մասը կարծում է, որ պետությունը պետք է սուբսիդիաներ տրամադրի լոլիկ աճեցնողներին

Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները (հիմնական մասը ասորիներ են–խմբ.) փակել են միջքաղաքային ճանապարհը` բողոքելով, որ իրենց աճեցրած լոլիկը չեն կարողանում վաճառել։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասաց` համաձայն է, որ իրենցից կիլոգրամը 100 դրամով գնեն լոլիկը, տանեն, քանի որ իրենք` որպես սովորական տնտեսվարող, երկրից արտահանում անել չեն կարող, իսկ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները հավելյալ խնդիրներ են առաջացրել իրենց համար։

«870 հազար դրամ մի տեղ եմ պարտք, մեկ միլիոն դրամ` մեկ ուրիշ տեղ, ու չգիտեմ` երբ եմ այդ պարտքը տալու…Եթե այդ պարտքը այս տարի չտամ, մյուս տարի ոչ մեկն ինձ հետ չի աշխատի, ես էլ բերք չեմ կարողանա աճեցնել ու կմնամ երկու սարի արանքում»,– սրտնեղած պատմեց նա։

Գյուղացու խոսքով` իրենց համայնքը` Վերին Դվինը, ունի 50–60 հա հողատարածք, ու մինչև սեզոնի ավարտն ընդհանուր բերքի ծավալը 2000 տոննայից ավելի կկազմի։ Նշեց` չգիտեն` ինչ են անելու այդքան լոլիկը։

Վերին Դվինի մեկ այլ բնակիչ` Աշոտ Բադալյանն էլ նշեց, որ իրենց խնդիրները ծագեցին, երբ խոշոր արտահանողները ՌԴ–ի կողմից սահմանափակումների պատճառով սկսեցին դժվարություններ ունենալ։ Արդյունքում չարտահանված բերքը ողողեց ամբողջ տեղական շուկան, իսկ փոքր տնտեսությունների բերքը մնաց ու սկսեց փչանալ։

Նրա խոսքով` շատ գյուղացիներ ուղղակի չեն հավաքում բերքը դաշտից` դա համարելով անիմաստ աշխատանք։ Միակ լուծումը, ըստ Բադալյանի, այն է, որ ինչպես խաղողի, այնպես էլ լոլիկի մթերման դեպքում պետությունը սուբսիդավորի, որ հասարակ գյուղացին կարողանա գոնե 150 դրամով լոլիկը հանձնել գործարան։

Նշենք, որ բնակիչների խնդրին ծանոթանալու համար բողոքի ակցիայի վայր էր եկել նաև ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։

Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց` երբ իշխանությունները սկսեցին այլևս չսուբսիդավորել լոլիկ աճեցնողներին, նրանք սկսեցին դժվարություններ ունենալ վաճառքի հետ կապված։

«Ուղղակի հետաքրքիրն այն է, որ սուպերմարկետներում լոլիկը վաճառվում է 550 դրամով, իսկ լոլիկ աճեցնողները չեն կարողանում 80–100 դրամով վաճառել այն։ Օրինակ` լոլիկը քաղելու համար յուրաքանչյուր բանվորի ժամավճարը ավելի քան 1000 դրամ է, որին գումարվում է նաև բեռնափոխադրման 20 հազար դրամը։ Լոլիկը հասցնում են Հովտաշատի շուկա, որտեղ այն չի վաճառվում, ու գյուղացին մնում է ձեռնունայն։ Փակուղային վիճակում է հայտնվում»,– նշեց նա։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենիորոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։