«Եվրատեսիլ-2017»-ն Ուկրաինայից կարող է տեղափոխվել Ռուսաստան. «Իզվեստիա»
Լուսանկարում «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող Ջամալան է
«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալելու իրավունքը կարող է Ուկրաինայից փոխանցվել Ռուսաստանին, եթե Կիևը մինչև հոկտեմբերի սկիզբ չկարգավորի մրցույթի անցկացման հետ կապված մի շարք կարևոր հարցեր:
Ինչպես գրում է «Իզվեստիա» թերթը, ավելի վաղ Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը չեղարկել է մամուլի ասուլիսը, որի ժամանակ պետք է հայտարարվեր, թե Կիև, Դնեպր և Օդեսա քաղաքներից որ մեկն է հյուրընկալելու մրցույթը:
Այս կապակցությամբ Եվրոպական հեռարձակողների միությունը տեղեկացրել է, որ եթե մոտ ժամանակներս ուկրաինական իշխանությունները չկողմնորոշվեն մրցույթի անցկացման վայրի, դրա ֆինանսավորման աղբյուրների ընտրության հարցերում, ապա «Եվրատեսիլ-2017»-ն անցկացնելու իրավունքը կարող է փոխանցվել մեկ այլ երկրի:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Եվրատեսիլ-2016»-ում 2-րդ տեղը զբաղեցրած Ավստրալիան թեև օգնում է մրցույթի կազմակերպչական հարցերում, այնուհանդերձ, իրավունք չունի հյուրընկալելու այն, քանի որ բուն միջոցառումը պետք է անցկացվի Եվրոպայի տարածքում: Ուստի՝ քաջատեղյակ աղբյուրները չեն բացառում, որ հեղինակավոր երգի մրցույթն անցկացնելու իրավունքը կարող է փոխանցվել 3-րդ հորիզոնականը զբաղեցրած երկրին՝ Ռուսաստանին:










