Սիրո պատմությունը լավագույն միջոցն է մարդկանց ներկայացնելու կատարվածը. Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսորի մեկնաբանությունը

23:54 • 08.09.16

 Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, ով արդեն երկու անգամ հայտնվել է «Օսկար» մրցանակի հավակնորդների ցանկում, կարող է այս անգամ ուժերը փորձել հենց Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմով:

Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի և Շառլոտ Լը Բոնի մասնակցությամբ ֆիլմը, որի պրեմիերան կկայանա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում սեպտեմբերի 11-ին, սիրային եռանկյունու պատմություն է ներկայացնում, որը տեղի է ունենում Օսմանյան կայսրության փլուզման տարիներին:

Իռլանդացի ռեժիսորը Variety պարբերականի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել ֆիլմի պատմական արժեքի և Ցեղասպանության թեման վեր հանելու մասին:

-  Ինչո՞ւ եք որոշել Հայոց ցեղասպանության թեման ներկայացնել սիրո մասին դրամատիկ պատմության միջոցով:

-  Բոլոր մեծագույն ֆիլմերը անձնական պատմություն են պատմում, իսկ սիրո պատմությունը հիանալի միջոց է մարդկանց ուղղորդել իրենց համար անծանոթ իրադարձության խճուղիներ: «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմը նույնպես սիրո մասին էր պատմում, սակայն առավել խոր քաղաքական համատեքստ էր ներկայացնում:

-  Ինչո՞ւ Օբամայի վարչակազմը չի ճանաչում Ցեղասպանության փաստը:

- Ակնհայտ է, որ Թուրքիայի ռազմավարական իշխանության պատճառով: Օբաման խոստացել էր հայ համայնքին ընտրություններից առաջ, որ կանի դա, սակայն դրժեց իր խոստումը:

-  Հույս ունե՞ք արդյոք, որ ֆիլմը կստիպի մարդկանց հաշտվել պատմության հետ:

-  Այո, դա 20-րդ դարի մեծագույն և մոռացված ողբերգություններից մեկն է: Ցեղասպանություն բառը ստեղծվել է նկարագրելու համար այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ:

-  Կարծում եք` Թուրքիայի կառավարությունը կբողոքի՞ Տորոնտոյում ֆիլմի ցուցադրությունից հետո:

-  Վստահ չեմ, որ այն նրանց տեսադաշտում է դեռ: Համոզված չեմ, որ Թուրքիայի կառավարությունը կարձագանքի այնպես, ինչպես անում են, երբ Ցեղասպանության տարելիցը նշվում է ամեն տարի` այն ժխտելու նպատակով:

 

 

Սիրո պատմությունը լավագույն միջոցն է մարդկանց ներկայացնելու կատարվածը. Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսորի մեկնաբանությունը