Դևիդ Բոուիի աճյունի մոխիրը շաղ են տվել Burning Man փառատոնի ժամանակ
20-րդ դարի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկի՝ Դևիդ Բոուիի աճյունի մոխրի մի մասը շաղ են տվել ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայացած Burning Man փառատոնի ժամանակ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ռոք աստղի այրին՝ սուպերմոդել Իմանը, նախապես տվել է իր համաձայնությունը, ինչից հետո մոխիրը հասցվել է միջոցառման անցկացմանը վայր:
Աղբյուրը մանրամասնում է, որ հանգուցյալ երաժշտի հիշատակին նվիրված միջոցառումը, որին մասնակցել է մոտ 70 մարդ, անցկացվել է հատուկ այդ առիթով բրգաձև կառուցված փայտյա շինությունում: Հայտնի է, որ փառատոնի ավարտից հետո շինությունն այրվել է:
Հիշեցնենք, որ Բոուին կյանքից հեռացել է այս տարվա հունվարի 10-ին՝ իր ծննդյան 69-րդ ամյակից 2 օր անց: Նշվում է, որ նա տարիներ շարունակ տառապել է քաղցկեղից:
Տաղանդաշատ բրիտանացուն դիակիզել են հունվարի 12-ին՝ Նյու Ջերսիում, ինչից հետո նրա աճյունի մոխրի մի մասը շաղ են տվել ինդոնեզական Բալի կղզու երկնքում:










