Գերհարդ Ռիխտերի կտավն Էրիկ Կլեպտոնի հավաքածուից կարող է վաճառվել 20 միլիոն դոլարով
Ժամանակակից գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի կտավը բրիտանացի երաժիշտ Էրիկ Կլեպտոնի հավաքածուից կարող է վաճառվել 20 միլիոն դոլարով, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ վաճառքով զբաղվում է բրիտանական Christie's աճուրդային տունը: Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 15-ին Նյու Յորքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Աբստրակտ կտավը» 1994 թվականի` չորս աշխատանքից կազմված սերիայի մասն է: Կտավներից մեկը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի ու Շոտլանդիայի ազգային պատկերասրահի համատեղ հավաքածուում:
Կայքը գրում է, որ Կլեպտոնը մյուս երեք կտավները գնել է 2001 թվականին` աճուրդի ժամանակ: 2012 թվականին կտավներից մեկը աճուրդում վաճառվել է 34,2 միլիոն դոլարով, իսկ երկրորդը` 2013-ին համարյա 20,9 միլիոն դոլարով:










