Գրահրատարակչության ոլորտում պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն. Արքմենիկ Նիկողոսյան
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, թե իր առաջին ռադիկալ փոփոխությունը մշակույթի ոլորտում լինելու է գրահրատարակչական ոլորտի կարգավորումը: «Գրախանութները պիտի դառնան ընտանեկան հանգստի տեղ»,-ասել է նա:
Արքմենիկ Նիկողոսյանը նախ ողջունեց նախարարի այդ հայտարարությունը, և նշեց, որ բացթողումներն այդ ոլորտում շատ են: Նա նկատեց, որ Երևանում հաշված գրախանութներ կան, որոնց տարածքն էլ փոքր է այնքան, որ նույնիսկ այնտեղ գրքերը դնելու տեղ չկա, ուր մնաց այն դառնա ընտանեկան հանգստի վայր:
Ըստ նրա՝ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն Հայաստանում, մասնավորապես գրքի վաճառքի դեպքում նվազեցվի ավելացված արժեքի հարկը:
«Ես կարծում եմ, որ արժեքայնության տեսանկյունից գրքի, գրականության դերը բարձրացնելու համար կարելի է, ինչ-որ զիջումներ անել: Բացի այդ գրախանութների տարածքները շատ թանկ են, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր զբաղվում են գրախանութ հիմնելով, գոնե պետք է 4-5 տարի հարկային պարտավորություններից ազատվեն, որովհետև այլ կերպ հնարավոր չէ»,-ասաց նա:
Արքմենիկ Նիկողոսյանը գտնում է, որ իշխանության մոտեցումը կարող է շատ բան փոխել գրքի դերի բարձրացման առումով: «Մենք բազմիցս ականատես ենք եղել, որ իշխանությունների, պաշտոնյաների որևէ դրական քայլ՝ ուղղված գրքի քարոզչությանը, անմիջապես ազդեցություն է թողել հասարակության վրա»,– ասաց նա:
Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի՝ իշխանության ներկայությունը գրահրատարակչության ոլորտում չի նշանակում միայն օրենսդրական քայլեր։ «Այլ նաև ճկուն քաղաքականության առկայություն, հանրային հեռուստտեսությամբ գրքի, գրահրատարակչական գործի ծրագրերի ավելացում, գրքի մասին հաղորդումներ, որոնք անխուսափելիորեն կձևավորեն հասարակական ճաշակ»,-ասաց նա և նշեց, որ Արմեն Ամիրյանին գրագետ ճիշտ խորհրդատուներ են պետք։
Գրականագետը նշեց, որ գրքի, ժամանակակից գրողների հանդեպ հետաքրքրություն կա հասարակությունում, և ընթերցողների դժգոհությունը հիմնականում վերաբերում է միայն գրքի գներին: Ըստ նրա՝ օրենսդրական, հարկային նախաձեռնությունները կարող են նպաստել, որ գրքի գինը էժանանա:
«Մյուս կողմից դժգոհությունը վերաբերում է գրադարանների այսօրվա վիճակին, գրադարանավարների աշխատավարձն այսօր ամենացածրն է, առավելևս գրադարանները գրքերով չեն համալրվում»,-ասաց նա և կարևոր համարեց ուշադրություն դարձնել գյուղական և համայնքային գրադարանների վրա:










