ՌԴ մշակույթի նախարարն ու Մոսկվայի քաղաքապետը շնորհավորել են Արմեն Ջիգարխանյանին ծննդյան օրվա առթիվ

16:48 • 03.10.16

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Մշակույթի նախարարության կայքում հայ դերասան Արմեն Ջիգարխանյանին շնորհավորել է 81-րդ տարեդարձի առթիվ, հաղորդում է Gazeta.ru-ն:

 

«Ազգային թատրոնի ու կինեմատոգրաֆի հպարտությունը լինելով` Դուք իրավամբ համարվում եք մեր երկրի թատերական արվեստի նահապետներից մեկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նա նաև նշել է, որ Ջիգարխանյանը հաջողությամբ ղեկավարում է Դրամատիկական թատրոնն ու դերասանների սերունդ դաստիարակում` այդպիսով ողջ ազգային մշակույթի մեջ անգնահատելի ներդրում ունենալով:

 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին տարեդարձի առթիվ ու հայտնել, որ նա մեծապես նպաստում է ռուսական արվեստի զարգացմանը, հաղորդում է Москва մայրաքաղաքային լուրերի գործակալությունը`հղում անելով քաղաքապետի ու Մոսկվայի կառավարության մամուլի ծառայությանը:

 

«Ձեր անմոռանալի դերերը ներառվել են մեր կինոյի ոսկե ֆոնդում և իրական ազգային հարստություն դարձել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Սոբյանինն ավելացրել է, որ Ջիգարխանյանի թատրոնը հիանալի պրեմիերաներով ու դերասանական դեբյուտներով զարդարում է մայրաքաղաքի մշակութային տարածքը:

 

ՌԴ մշակույթի նախարարն ու Մոսկվայի քաղաքապետը շնորհավորել են Արմեն Ջիգարխանյանին ծննդյան օրվա առթիվ