Կայացավ «Զսպումը ղարաբաղյան հակամարտության» մեջ խորագրով գրքի շնորհանդեսը

12:47 • 04.10.16

«Կովկաս» ինստիտուտը Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի հետ համատեղ այսօր ներկայացրեց «Զսպումը ղարաբաղյան հակամարտության» մեջ խորագրով գիրքը: Գրքի հեղինակն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Գրքում վերլուծվում է ԼՂ հակամարտության ինչպես ընդհանուր ռազմական զսպման, այնպես էլ դիվանագիտական և քաղաքական ճանապարհով զսպման հիմնական տեսական սկզբունքները՝ դիտարկելով նաև դրա գործնական դրսևորման հնարավորությունները:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտնեց, որ գրքի առաջին շնորհանդեսը եղել է Ստեփանակերտում: «Հեղինակը փորձում է վերհանել աշխարհում առկա տարբեր կոնֆլիկտները, համեմատել դրանք և վերջում գալիս է հետաքրքիր եզրակացության»,- ասաց նա և նշեց, որ գիրքը հասել է նաև Ադրբեջան:

Գրքի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: «Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես խուսափել մեծամասշտաբ պատերազմից և կայունություն պահպանել»,- ասաց նա և նկատեց, որ հեղինակը ճիշտ դիտարկումներ է ներկայացնում, թե ինչպես է հայկական կողմին հաջողվում զսպել այդ կոնֆլիկտը:

Սերգեյ Մինասյանն ասաց, որ գիրքը գրվել է ոչ միայն հետազոտական,այլ նաև գիտական աշխատանքի արդյունքում և արդեն հետաքրքրություն կա պետական կառույցների կողմից: «Ես հուսով եմ, որ այս աշխատանքը կաջակցի հասարակությանը ավելի հստակ հասկանալու այն բոլոր նրբությունները, որոնք կապված են պատերազմի հավանականության հետ՝ ԼՂ հակամարտության առումով»,- ասաց նա:

Կայացավ «Զսպումը ղարաբաղյան հակամարտության» մեջ խորագրով գրքի շնորհանդեսը