Մշակույթի նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի Հանրային ՀԸ-ի գործառույթների վրա. Արմեն Ամիրյանը «Ամենակարող երգիչ» նախագծի մասին (տեսանյութ)
Մշակույթի նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի Հանրային հեռուստաընկերության գործառույթների վրա: Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ինչու նախարարությունը չի միջամտում եթերից հանելու քննադատված «Ամենակարող երգիչ» նախագիծը, հայտարարեց ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը:
Վերջինս նշեց, որ Մշակույթի նախարարությունը մոտ ապագայում ծրագրում է ձևավորել պատվեր՝ մասնավոր հեռուստաընկերությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ազգային երգ և երաժշտությանը վերաբերող:
Հարցին՝ հնարավոր չէ՞ եթերում նվազեցնել ռաբիսի առկայությունը, Արմեն Ամիրյանը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում մշակութային ծրագրերի շնորհիվ հայ ազգին ոչ հարիր երաժշտական ժանրի մոտեցումները իսպառ կվերանան:
«Հանրային հեռուստատեսությունը ոչ միայն պետք է կրթի, այլև պետք է ապահովի ժամանց: Ժամանցային հաղորդումներն անշուշտ անհրաժեշտ են, բայց շատ ճիշտ եք նկատում՝ որակի խնդիր կա»,- նկատեց նա:
Հարցին՝ո՞վ է մեղավոր, որ չի հաջողվել մշակույթային ճիշտ քաղաքականություն մշակել, նախարարը պատասխանեց, որ մեղավոր ենք բոլորս:










