Ես իմ հոգով հանգրվանեցի հորս մոտ, ինքը` դպրոցի բակում, ես` իր կողքին. Լիդա Մուրադյան (լուսանկարներ)
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը լրագրողների հետ զրույցում հազիվ զսպեց հուզմունքը, անկեղծացավ՝ այսպիսի զգացում առաջին անգամ է ունենում։ «Միշտ ունեցել եմ այն զգացումը, որ հայրս չկա ու չվերադարձավ, ու միշտ սպասել ենք` ես և մայրս: Նա այդպես էլ չվերադարձավ, և մենք չպատկերացրինք, որ նա չկա, ու անընդհատ մտածում էինք, որ մի օր պետք է վերադառնա… և այդ մի օրը հիմա է»,- ասաց նա՝ նայելով դեռ սավանով ծածկված կիսանդրու կողմը: Հետո՝ արդեն ելույթ ունենալիս, ներկաներին բացատրեց, որ իր հայրը՝ Կարապետ Համբարձումյանը, զգալով մոտալուտ վտանգը փոխում է իր և իր հորեղբոր ազգանունները, որպեսզի հետագայում ազգանվան պատճառով նրանց նկատմամբ հետապնդումներ չլինեն. դա է պատճառը, որ նա հիմա չի կրում իր հոր ազգանունը:
Արագածոտնի մարզի Ծաղկաշեն համայնքի Կարապետ Համբարձումյանի անունը կրողը դպրոցի բակում ենք. այստեղ տեղի ունեցավ սովետական տարիներին իր քաղաքական հայացքների համար սպանված Կարապետ Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը: Ներկա էին ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, բժշկական ոլորտից ներկայացուցիչներ և այլք:
Նրա աղջիկը՝ Լիդա Մուրադյանն է նախաձեռնել կիսանդրու կերտումը: Հոր կենսագրության և սխրագործությունների մասին ուրիշներից է լսել, հետագայում անձամբ է ուսումնասիրել, ու հիմա իր իմացածը ցանկություն ունի ներկայացնելու ուրիշներին:
Ըստ աղջկա՝ Կարապետ Համբարձումյանը Ծաղկաշեն համայնքի Դաշնակցություն կուսակցության առաջնորդներից է եղել, և իր գաղափարների համար էլ հետապնդվել է սովետական իշխանությունների կողմից: Դեռ Արագած համայնքի դպրոցում մանկավարժությամբ զբաղվելիս՝ հայոց լեզու և գրականություն դասավանդելիս, դպրոցի տնօրենից ստացել է նախազգուշացում, որ հեռանա տարածքից, քանի որ ցանկանում են նրան ձերբակալել: Աշխատանքից ազատվելուց որոշ ժամանակ անց Կարապետ Համբարձումյանը մանկավարժությամբ է զբաղվել Նիգավան համայնքում: 1943 թվականի դեկտեմբերի 7-ին նա ձերբակալվում է, նախ տարվում է Ազգային անվտանգության կոմիտե, հետո՝ աքսորվում է Սարատովի բերդ: Լիդա Մուրադյանը պատմեց, որ իր հոր ձերբակալությունից հետո նրա մասին ոչ մի նորություն չէին հաղորդում:
«Երբ նրան ձերբակալեցին, ես նորածին էի և ոչ մեկին հայտնի չէր, թե ինչու են դա անում: Մայրս, պապս իմացել են, որովհետև միշտ վախեցել են նրա գաղափարներից,- ասաց Լիդա Մուրադյանը` շարունակելով,- դատը եղել է գաղտնի, ոչ մեկ տեղյակ չի եղել, և նրան աքսորել են բերդ: Վեց ամիս անվտանգության նկուղներում է եղել, ես տեսա նկարները գործերի մեջ և ապշեցի, թե ինչպես է դիմացել այնտեղ` ամբողջ դեմքը, գլուխը սպիներով, համենայն դեպս ինքը զորեղ տղա է եղել, մեծ կամքի ուժով և սկզբունքներին անդավաճան. դրա շնորհիվ է դիմացել»:
Լիդա Մուրադյանը պատմեց, որ տարիներ շարունակ ինքն ու իր մայրը հորն են փնտրել, միշտ սպասել են, որ կգա: Հոր մահվան և դրա հանգամանքների մասին իմացել է 18 տարեկանում, երբ դիմել է Ազգային անվտանգության կոմիտե՝ պարզելու, թե ուր է իր հայրը. «Նրանք կանչեցին ինձ՝ մորս հետ, չուզեցին այդ տարիքում առերես ցավ պատճառեն, ինձ թողեցին նստած, մորս տարան ներս և ասացին, որ նա մահացել է Սարատովի բերդում»:
Հիմա «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենը հոր առաջ իր պարտքն է կատարում. «Այսօրվա ամեն ինչը ապացուցում է, որ հորս վերադարձնում եմ: Դա իմ նպատակն է եղել, որ ինչ-որ ձևով վերադարձնեմ նրան: Այս տարի նրա հարյուրամյակն է, այսինքն՝իմ սպասումները, կարծես թե, ավարտվեցին, ու ես ինքս իմ հոգով հանգրվանեցի իր մոտ՝ այստեղ, ինքը՝ դպրոցի բակում, ես` իր կողքին»,- ասաց նա՝ նշելով, որ հոր կիսանդրին նրա անունը կրող դպրոցի բակում սերունդներին կհիշեցնի հայրենիքի նվիրյալ մարդու մասին:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ Աղվան Վարդանյանը, որը ևս ներկա էր Կարապետ Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությանը, կարևորեց այս իրադարձությունը: «Կարևոր է, որ նոր սերունդը վերաարթնացնում է հիշողությունները և արժևորում է մարդկանց, որոնք ունեն ազգային նկարագիր, որոնք իսկապես պայքարել են Հայաստանի Հանրապետության համար: Կարապետ Համբարձումյանը նրանցից մեկն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:




























