Գինու հայտնի բլոգերները՝ Հայաստանում (լուսանկարներ)

11:03 • 05.10.16

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ ֆինանսավորմամբ Եվրոպայում հայտնի գինու բլոգերների այց է կազմակերպել Հայաստան:

Բլոգերները եկել էին Իսպանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, ծրագիրը խիտ էր՝ երեք օրվա ընթացքում շրջել են Վայոց ձորով, Արագածոտնի և Տավուշի գինեգործական կենտրոններով, զրուցել տեղացի գինեգործների հետ ու հասկանալ՝ ինչ տեխնոլոգիայով է Հայաստանում գինին արտադրվում:

Նրանք ոչ միայն ստացել են տեղական գինու համի ու հոտի մասին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև գործնականում հասցրել են համտեսել մի քանի տեսակի տեղական արտադրության գինի:

Այս այցը բացառիկ էր հատկապես Ֆրանսիայից ժամանած ներկայացուցչի համար: Արմանդ Մելքոնյանի ընտանիքը Ցեղասպանությունից հետո բնակություն է հաստատում Փարիզում, ֆրանսիական միջավայրում մեծացած ու կրթություն ստացած երիտասարդը արդեն 31 տարեկանում մասնակցում է սոմելյեների միջազգային մրցույթին ու տիտղոսով դառնում աշխարհի առաջին լավագույն սոմելյեն: Հիմնադրամի հրավերով 78 տարեկանում գինու գիտակն ու այսօր արդեն բլոգերը առաջին անգամ եկել էր հայրենիք։

«Ինձ մանկուց պատմել են Հայաստանի մասին, որ այն գեղեցիկ երկիր է, որտեղ  մարդիկ սիրալիր են ու հյուրընկալ։ Ֆրանսիայում մայրիկս միշտ հայկական ուտեստներ էր պատրաստում, երբ իմացա, որ գալիս եմ Հայաստան, որոշեցի՝ այստեղ անպայման պետք է ավանդական խոհանոցը փորձեմ»,- խոստովանում է Արմանդ Մելքոնյանը:

Բայց քանի որ այցը գործնական էր, փորձառու սոմելյեին առաջին հերթին հետաքրքիր էին հայկական գինին ու գինի խմելու տեղական ավանդույթները։

«Տարիներ առաջ, երբ համտեսում էի հայկական գինի, զգում էի քաղցրություն, որն ինձ այդքան էլ դուր չէր գալիս, բայց հիմա հայկական արտադրանքի որակը կտրուկ բարձրացել է: Ես եկա այստեղ, որ սեփական աչքով տեսնեմ՝ ինչպես է Հայաստանում գինին արտադրվում, համտեսեմ դրանք, իսկ հետո աջակցեմ, որ այդ գինիները մասնակցեն Meilleur Sommelier du Monde մրցույթին, որտեղ ես գինիների ժյուրիի անդամ եմ: Այս մրցույթին ներկա են լինում լրագրողներ ամբողջ աշխարհից, իսկ հեռուստացույցով դրան հետևում են հազարավոր մարդիկ»,- նշել է սոմելյեն:

Այս այցը խոստանում է հայկական գինիների համար լինել արդյունավետ՝ եվրոպական շուկայում գովազդվելու ու ճանաչելի դառնալու տեսանկյունից, քանի որ այսօր Հայաստանի համար կարևոր է գտնել արտահանման նոր շուկաներ հենց այս տարածաշրջանում:



 

 

Գինու հայտնի բլոգերները՝ Հայաստանում (լուսանկարներ)