Արվեստի գլուխգործոցների գաղտնիքներ, որոնց մասին շատերը չգիտեն (լուսանկարներ)

15:50 • 05.10.16

Կան արվեստի գործեր ու ճարտարապետական գլուխգործոցներ, որոնք բոլորիս հայտնի են մանկությունից, սակայն դրանցից յուրաքանչյուրը մանրակրկիտ վերլուծության ենթարկելուց հետո բազմաթիվ խորհրդավոր ու անհայտ մանրուքներ են բացահայտվում:

 

 AdMe.ru-ն կիսվել է այն մանրուքներով, որոնք շատերը չեն նկատել:

 

Էյֆելյան աշտարակի վերևի հարկերի բնակարանը

 

Էյֆելյան աշտարակը ստեղծած ֆրանսիացի ճարտարապետ և շինարար Գուստավ Էյֆելը դրա վերևի հարկերում բնակարան է կառուցել ու սարքավորել իր համար, որը հաճախ օգտագործել է հանգստի կամ հյուրերի ընդունելության նպատակով: Մի անգամ նա այնտեղ երկար զրույց է ունեցել ամերիկացի գիտնական Թոմաս Էդիսոնի հետ: Բնակարանում խոհանոց, կոյուղի, երկու ննջասենյակ ու հյուրասենյակ կա, որից հիասքանչ տեսարան է բացվում: Այժմ այնտեղ տեղակայված է Էյֆելի ու Էդիսոնի մոմե արձաններով թանգարանը:

 

Ազատության արձանի ոտքերի մոտ պոկված շղթան

Ֆրանսիայի քաղաքացիներն Ազատության արձանը նվիրել են ԱՄՆ-ին հեղափոխության հարյուրամյակի պատվին: Արձանը խորհրդանշում է ազատություն, ժողովրդավարություն ու ստրկատիրության վերացում, ահա թե ինչու արձանի ոտքերի մոտ պոկված շղթա կա, որը զբոսաշրջիկները սովորաբար չեն նկատում:

 

Մեծ Սֆինքսի սկզբնական տեսքը

Մեծ Սֆինքսն աշխարհի հնագույն արձանն է: Ի սկզբանե այն պատված է եղել վառ ներկով, որը պահպանվել է միայն մասամբ` արձանի ականջի հետևի հատվածում: Սֆինքսն ի սկզբանե նաև քիթ ու դնովի ծիսական մորուք է ունեցել, որի մասերը կարելի է տեսնել Բրիտանական ու Կահիրեի թանգարաններում:

Կան ենթադրություններ, որոնց համաձայն Սֆինքսն ի սկզբանե առյուծի գլուխ է ունեցել, իսկ այն փոխարինած մարդկային գլուխը քանդակվել է շատ ավելի ուշ, ինչը բացատրում է հսկայական մարմնի ու փոքր գլխի համամասնությունների խախտումը:

 

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի տեսարժան վայրի անվանումը

«Բիգ Բեն» անվանումը վերաբերում է ոչ թե ամբողջ աշտարակին, այլ միայն դրա ներսում գտնվող խոշոր զանգին: Մինչև 2012 թվականի սեպտեմբեր զանգակատան պաշտոնական անվանումը եղել է «Վեսթմինսթերյան պալատի ժամացուցային աշտարակ», իսկ այժմ` «Էլիզաբեթի աշտարակ»:

Մինչ օրս հայտնի չէ, թե ում պատվին է «Բիգ Բեն»-ը ստացել իր անվանումը: Մի տեսության համաձայն` զանգի ձուլման ղեկավարի պատվին, որը խոշոր տղամարդ է եղել ու Big Ben («Մեծ Բեն») մականունն է ունեցել: Մյուս տարբերակի համաձայն` այն անվանվել է գերծանրքաշային կարգում բռնցքամարտի չեմպիոն Բենջամին Քաունթի պատվին:

          

«Ճիչ» կտավի երկինքը

Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի հանրահայտ «Ճիչ» կտավի սկզբնական անվանումը եղել է «Բնության ճիչ»:

«…երկինքն անսպասելիորեն արնակարմիր դարձավ...»,- գրել է նկարիչն իր օրագրում:

 

2003 թվականին աստղագետների մի խումբ ենթադրություն է արել, որ նկարչի վրա այդպիսի ազդեցություն գործած երկնքի բոսոր գույնն առաջացել է 1883 թվականին Կրակատաու հրաբխի ժայթքման պատճառով: Մթնոլորտ է արտանետվել հսկայական քանակությամբ հրաբխային մոխիր, որի պատճառով հետագա տարիներին ամբողջ աշխարհում գեղեցիկ ու հրավառ մայրամուտներ են եղել:

Արվեստի գլուխգործոցների գաղտնիքներ, որոնց մասին շատերը չգիտեն (լուսանկարներ)