Վլադիմիր Պուտինն ու Ալբեր II-ը ցուցահանդես են բացել Տրետյակովյան պատկերասրահում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մոնակոյի իշխան Ալբեր II-ը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացել են «Գրիմալդիներն ու Ռոմանովները: Պատմության երեք դար» խորագրով ցուցահանդեսը, հաղորդում է Կրեմլի կայքը:
Նշվում է, որ ցուցահանդեսը նվիրված է Ռուսաստանի ու Մոնակոյի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման տասնամյակին ու պատմում է երկրների փոխազդեցության, ռուսական կայսերական տան ու Գրիմալդի իշխանական տան կապերի մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցանմուշների շարքում պաշտոնական հրամանագրեր, մանիֆեստներ, նամակներ, լուսանկարներ, օրագրային գրառումներ, արվեստի գործեր, անձնական իրեր ու ալբոմներ կան: Ցուցանմուշները հավաքվել են ռուսական արխիվներից ու թանգարաններից և Մոնակոյի իշխանական պալատի հավաքածուներից:










