Արցախի գյուղական բարիքները՝ ամենամյա Բերքի փառատոնին (լուսանկարներ, տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպվել էր գյուղատնտեսական տոնավաճառ, որտեղ ներկայացված է 700 տաղավար:
Արցախում 2011թ-ից ի վեր կազմակերպվող այս տոնավաճառ-ցուցահանդեսին ներկայացված են գյուղական բարիքներ՝ մսամթերք, մեղր, ընդեղեն, պահածոյածված մթերքներ, կաթնամթերք, նաև՝ ժամանակակից ոռոգման կաթիլային համակարգով մշակված պտուղներ, մրգեր։



Կարելի է համտեսել նաև պատրաստի ուտեստներ՝ ավանդական խորոված, խաշլամա: Տոնավաճառ-ցուցահանդեսն ուղեկցվում է ՀՀ մշակութային համույթների կատարումներով:


ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ նախորդ տարվա համեմատ տաղավարների թիվը ավելացել է 250-ով:
«Այս տարի ներկայացված են բերքի բազմաթիվ տեսակներ, այդ թվում՝ վերամշակված արտադրանք: Գյուղատնտեսության համար առատ տարի էր. չնայած հակառակորդի սադրանքներին, գյուղացին կարողացել է արարել»,-մանրամասնեց նա:
Նախարարը վստահեցրեց, որ գյուղացիները բերքը իրացնելու հետ կապված խնդիրներ չունեն։ «Մեզ համար առաջնայինը հացահատիկի մշակությունն է, ռեկորդային բերք ունենք՝ 150 հազ տոննա, մեծ մասը արտահանվել է ՀՀ»,-շեշտեց նա: 


Տոնավաճառի մասնակից գյուղացիներն էլ ընդգծեցին, որ այս տարի ապրիլ, մայիս ամիսներին դժվարություններ են ունեցել՝ հակառակորդի գործողությունների պատճառով, բայց դա իրենց չի ընկճել և կարողացել են հողը մշակել, առատ բերք ստանալ:
Tert.am-ի հետ զրուցում Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանը նշեց, որ գյուղատնտեսական շուկան հնարավորություն է տալիս, որ անմիջական շփում ստեղծվի արտադրողի և սպառողի միջև։
«Էս տարի մարդիկ լավ գնումներ են անում, որովհետև մենք անարատ բերք են վաճառում, չարչարվել ենք, բա պտուղները չքաղե՞նք»,-ասաց նա:


Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանն էլ Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ Արցախի գյուղերում տարեցտարի գյուղատնտեսությունը զարգանում է, ընդլայնվում են բանջարաբոստանային, հացահատիկային ցանքատարածությունները։
«Այսօր մեր շրջանը ներկայացնում է հիսունից ավելի տաղավարներ. ինչ ցանկանան սպառողները, կարող են այստեղ գտնել, ունեք նաև պահածոյացված մթերքներ»,-մանրամասնեց նա:
Տոնավաճառի գլխավոր հովանավոր «Սպայկա» ընկերությունը ներկայացրել էր նոր արտադրանք՝ թթի և հոնի օղի: Ընկերությունը համագործակցում է Արցախի գյուղացիների հետ՝ հնարավորություն տալով գյուղացիներին ապրանքը ներկայացնել աշխարհին:
Ընկերության ներկայացուցիչ Լուսի Հայրապետյանն ասաց, որ գյուղացիներին օգնելու են նաև այլ մթերքների իրացման համար, այժմ առաջարկներ են ստացել, որոնք կուսումնասիրվեն:
Տոնավաճառ այսօր այցելեցին նաև ԼՂՀ Նախագահը, վարչապետը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։














