Քաղցկեղ վերապրած ամերիկացին պատմել է, թե ինչու է ձիերի քանդակներ տեղադրել գետի մեջ (լուսանկարներ)
ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Ռապիդս քաղաքով հոսող գետի ջրերում ինստալյացիա է տեղադրվել, որն անմիջապես գրավել է բոլորի ուշադրությունը:
Designyoutrust.com-ը գրում է, որ քանդակագործ Ռիչարդ Մորսի հեղինակած ինստալյացիան, որը ստեղծվել է խնձորի ծառի փայտից ու պատկերում է ջրի միջով անցնող բնական չափի ինը ձիերի, անսասան կամքի ուժ և հաստատակամություն է խորհրդանշում:
«Գետի ջրերի միջով անցնող ձիերը խորհրդանշում են այն պայքարն ու հաստատակամությունը, որի կարիքը մենք բոլորս ունենում ենք դժվար իրավիճակներում: Չորրորդ փուլի քաղցկեղ վերապրելուց հետո սկսել եմ գնահատել կյանքն ու ցանկացել եմ իմ մտածելակերպը փոխանցել մարդկանց: Չորացած ճյուղերի միջոցով փորձել եմ ցույց տալ, որ բնությունը կրկին և կրկին կյանքի վերադառնալու ունակություն ունի, և ձիերի հետ միասին ճյուղերը կարող են հասնել իրենց նպատակակետին` Մայր բնությանը»,- պատմել է արվեստագետը:

















