«Խարիտոնին» արժանացել է միջազգային փառատոնի գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի

14:45 • 11.10.16

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի և ԱՊՀ երկրների հույների համայնքների ֆեդերացիաների աջակցությամբ` «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը մասնակցել է Հունաստանում անցկացվող «Պարալիա 2016»  միջազգային ֆոլկ-փառատոնին և արժանացել գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի:

Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 10-ին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է անսամբլի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանին և անսամբլի մեներգիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ֆոլկլորիստների եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ Սամվել Գալստյանին: Հանդիպմանը երաժիշտները ներկայացել էին «Ոսկե գավաթ» մրցանակով և ներկայացրել փառատոնային օրերի անցուդարձը:  Նախարար Ա. Ամիրյանը շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Զրույցի ընթացքում, Անժելա Աթաբեկյանը տեղեկացրել է, որ ինքն արմատներով հույն է, ԼՂՀ Մեհմանա գյուղից, որտեղ ավելի քան մեկ դար է, ինչ հույներ են բնակվում: 

«Տարիներ շարունակ հայկական ֆոլկլորն ենք ներկայացնում: Մեր ելույթները միշտ աղմուկ են հանել՝ լավ իմաստով: Այդպես եղավ նաև այս փառատոնում»,-նշել է անվանի քանոնահարը:

Հավելենք, որ «Խարիտոնի» հայ-հունական անսամբլը 20 տարի առաջ հիմնել են Աթաբեկյան հինգ քույրերը, բոլորը՝ պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ, հետո նրանց են միացել որդիները, ապա նաև՝ թոռները: «Խարիտոնին» միակ պրոֆեսիոնալ խումբն է, որը Հայաստանում հունական մշակույթ է զարգացնում և տարածում: 

 

«Խարիտոնին» արժանացել է միջազգային փառատոնի գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի