Լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի նոր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր պարունակող գիրքը
Լույս է տեսել թուրք պատմաբան, Քլարքի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի նոր գիրքը, որը ներկայացնում է Օսմանյան շրջանի պաշտոնյա Նայիմ բեյի և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ համարվող, ցեղասպանության տարիներին Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Թալեաթ փաշայի հեռագրերն ու դրանց վերաբերյալ պատմաբանի կարևոր մեկնաբանությունները: Այս մասին գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «ՀայԹերթը»:
«Նայիմ բեյի հիշողություններն ու Թալեաթ փաշայի հեռագրերը. Գրիգոր Գերգերյանի արխիվը» անվանումով գրքի հեղինակ Թաներ Աքչամը երկար տարիներ է՝ ուսումնասիրում է Հայկական հարցը:
Թուրքիայում բազմաթիվ պատմաբաններ երկար տարիներ փորձում են առաջ բերել այն թեզը, ըստ որի Օսմանյան պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել Նայիմ անունով պաշտոնյա և որ այդ արխիվում տեղ գտած գրությունները հորինված են հայազգի Արամ Անտոնյանի կողմից: Ըստ թուրքերի՝ Արամ Անտոնյանը հասցրել էր կեղծել նաև Թալեաթ փաշայի հեռագրերը: Մինչդեռ այս գրքում Թաներ Աքչամը հակառակն է ապացուցում ընթերցողին:
«Գրքում ներկայացված փաստաթղթերի կեղծ կամ իրական լինելը կապացուցվի միայն այն ժամանակ, երբ դրանք բացվեն և ցուցադրվեն հենց օսմանյան արխիվներից, բայց դա չի արվում: Նայիմ բեյի և Թալեաթ փաշայի հեռագրերի հետ կապված բաժնի փաստաթղթերի արխիվը չեն բացում թեման ուսումնասիրող գիտնականների առաջ»,- գրում է Թաներ Աքչամը:
Այսպիսով՝ թուրք պատմաբանը շեշտում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից այս արխիվների գաղտնի պահվելը վկայում է այն մասին, որ դրանք ավելի քան իրական են:
«Ակօսի» հետ զրույցում Աքչամը մեջբերում է կատարում Թալեաթ փաշայի հեռագրերից մեկից. «Առանց տարբերակելու կին, երեխա, հաշմանդամ, որքան էլ դա աղետալի լինի, պետք է վերջ դնել նրանց գոյությանը՝ առանց խղճի զգացողության»։
Աքչամը նաև նշել է, որ թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցում Թալեաթ փաշայի և Նայիմ բեյի հետ կապված փաստաթղթերի կեղծ լինելու մասին պնդումներն են եղել մինչ օրս:
«Սրանից հետո, իհարկե, ժխտումը չի դադարելու: Սակայն ժխտողներն արդեն ստիպված կլինեն նոր ստեր հորինել: Բայց, չմոռանանք, որ ժխտումը գալիս է նաև նրանից, որ դիմացինների ձեռքում քիչ կամ ոչ բավարար են լինում խնդրի վերաբերյալ գրականությունն ու փաստաթղթերը», - հարցազրույցում նշել է Աքչամը:











