Ջիմ Քերիի նախկին ընկերուհու մայրը նրան մեղադրել է դստեր մահվան համար
Անցած տարվա սեպտեմբերին ինքնասպանություն գործած Ջիմ Քերիի նախկին ընկերուհու մայրը Լոս-Անջելեսի դատարանում հայց է ներկայացրել և մեղադրել է դերասանին ապօրինի գործողություններով մահվան պատճառ հանդիսանալու համար, հաղորդում է BBC-ն:
Կատրիոնա Ուայթի մայրը՝ Բրիջիթ Սուիթմանը պնդում է, որ իր դուստրը զոհվել է ապօրինի դեղորայքի օգտագործման հետևանքով, որը նրա համար ձեռք էր բերել Ջիմ Քերին: Կինը հայտարարում է, որ դերասանը պետք է ամաչի այն բանից, թե ինչպես է վարվել իր դստեր հետ:
«Որպես ընտանիք մենք ցանկանում ենք, որ ողջ աշխարհն իմանա, թե իրականում ով է Ջիմ Քերին: Մի մարդ, ով ձեր աղջկան վարակել է սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով, ստել է դրա մասին, իսկ հետո ստորացնում է նրան, իր փաստաբանների միջոցով փորձում է լռեցնել նրան ու նրա ընտանիքին, իսկ հետո նրան ապօրինի դեղորայք է տալիս»,- ասվում է Լոս-Անջելեսի դատարան ներկայացրած փաստաթղթում:
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին ոստիկանները Լոս-Անջելեսի տանը հայտնաբերել էին Կատրիոնա Ուայթի մարմինը: Հավանաբար նա ինքնասպանություն է գործել մեծ չափաբաժնով դեղորայք ընդունելու ճանապարհով: Լրատվամիջոցները հաղորդել էին, որ մահվանից մի քանի ժամ առաջ նա և Քերին որոշել էին խզել հարաբերությունները:










