ԻՊ-ի ձերբակալված անդամների հանդեպ թուրք ոստիկանները ծայրաստիճան հանդուրժող են. թուրք պատգամավոր

10:49 • 06.02.17

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Էրեն Էրդեմը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ ոստիկանական գործողությունների շրջանակում ձերբակալվածները շատ արագ բաց են թողնվում։

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը` Թուրքիայում ձերբակալված ԻՊ անդամներին կամ ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվածներին թուրք ոստիկաններն ավելի մեծ հանդուրժողականությամբ են վերաբերում, քան գարնանը սպասվելիք սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի ժամանակ կառավարման նախագահական համակարգին դեմ քվեարկելու քարոզարշավ իրականացնողներին:

Որպես ապացույց նա առաջարկել է լրագրողներին ուսումնասիրել, թե քանի ԻՊ գրոհային է ձերբակալվել վերջին ամիսներին և քանիսն են ներկայում անազատության մեջ գտնվում:

«Մինչդեռ կառավարման նախագահական համակարգի դեմ դուրս եկող անձանց վերաբերյալ դատարանը կարողանում է կալանավորման որոշում կայացնել 18 րոպեում», - ասել է Էրդեմը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում: