Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած Արտաշատի համայնքային ոստիկանները նաև հայտնաբերել են 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21․35-ին, Մասիսի բնակչուհուց ստացվել է հաղորդում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, փայտով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, հայտնել են ՆԳՆ-ից:
Մեկնել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ձեռնարկել համապատասխան միջոցներ, և ամուսնու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 25 օր ժամկետով։
Սրան զուգահեռ համայնքային ոստիկանները ստացել են նաև տեղեկություն, որ տղամարդը նաև աճեցրել է կանեփ, որից ստացված մարիխուանան պահել է տանը։
Տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել են կանեփի չորացված-մանրացված զանգվածով լցված ապակե տարաներ, տոպրակներ ու ստվարաթղթե փաթեթ։
Զանգվածների ընդհանուր քաշը կազմել է մոտ 2,5 կիլոգրամ։
Հանգամանքները պարզվում են։










