Ընտրողների մոտ կար անտեղյակություն գործընթացի նկատմամբ. Արսինե Խանջյան

23:24 • 02.04.17

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, դիտորդ Արսինե Խանջյանը, ամփոփելով այսօր կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները, ասաց, որ դիտարկումներ են անցկացրել Գորիսում, Սիսիանում, օրվա վերջում նաև Երևանի Մալաթիա վարչական շրջանում:

Նա, ընդհանրացնելով, ասաց, որ հատկապես կուտակումներ կային բոլոր ընտրատեղամասերում:  

«Անտեղյակություն կար, շփոթում գործընթացի նկատմամբ, քվեարկողները հստակ չգիտեին՝ ինչպես օգտագործել ծրարները, թղթիկները, ինչպես օրինակ՝ զինվոր, որ չգիտեր ինչպես օգտագործեր, դուրս էր եկել խցիկից, նորից տվեցին, բայց ընդհանրապես չքվեարկեց»,-ասաց նա:

Արսինե Խանջյանը նշեց, որ շատ էր բաց քվեարկությունը, կար նաև ուղղորդում:

«Ոչ թե ուղեկցում, այլ ուղղորդում էին։ Քվեարկության իրավունքի խախտումներ կային, նաև հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմնակալ վարք»,-ասաց նա և նշեց, որ տպավորություն կար, որ դիտորդները հուսահատ էին, ազատ լիազորություն չունեին: