Խորենացու դեպքերին մասնակից 3 տարվա ազատազրկման դատապարտվածների պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան

11:10 • 18.04.17

 

Խորենացու փողոցում 2016թ. հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, երեք տարվա ազատազրկման դատապարտված Սոսո Մարգարյանի, Գագիկ Միքայելյանի և Արսեն Մկրտումյանի գործով փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Արա Զաքարյանի փոխանցմամբ՝ նրանց բողոքներում որոշակի տարբերություններ կան, սակայն իր պաշտպանյալի հարցում պաշտպանական կողմը վիճարկում է, որ Սոսո Մարգարյանին վերագրվող արարքը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, հանցագործություն չէ:

«Սոսո Մարգարյանին վերագրվող արարքը հանցագործություն չէ, պահանջում եմ արդարացնել նրան, իսկ եթե ոչ, ապա Վերաքննիչ դատարանից խնդրել ենք կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը»,- ասաց Զաքարյանը:

Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանից խնդրել են արդարացնել նրան, կամ՝ վերաորակավորել արարքը. «Սակայն, եթե դա անհնար է, ապա Վերաքննիչ դատարանից խնդրել ենք կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը»:

Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իսկ եթե ոչ՝ դատարանից խնդրել են կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Նշենք, որ Արսեն Մկրտումյանը դատապարտվել է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, իսկ Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը նաև՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանների վրա քարեր նետելու մեղադրանքով: