Օսմանյան կայսրության առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քավալջյանը. թուրքական կայքի անդրադարձը

11:42 • 17.07.17

Օսմանյան կայսրության առաջին կին բժիշկը, պարզվում է, եղել է հայուհի Զարուհի Քավալջյանը՝ ծննդով Թուրքիայի Ադափազար քաղաքից:

Ինչպես հայտնում է թուրքական haberlisin.com կայքը, նրա հայրը՝ հեղինակավոր բժիշկ Սերոբ Քավալջյանը, 1875թ.-ին ավարտել է ԱՄՆ  Բոսթոնի համալսարանի բժշկության ֆակուլտետը, աշխատել Թուրքիայի Իզմիթ և Ադափազար քաղաքներում. վերջինում էլ 1877թ.-ին ծնվել է Զարուհին:

Չիկագոյում բժշկական կրթություն ստանալուց հետո հայուհին վերադարձել է հայրենիք և հոր հետ աշխատել Ադափազարում, միևնույն ժամանակ կենսաբանություն դասավանդել տեղի Ամերիկյան քոլեջում:

Առաջին համաշխարհայինի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցել է վիրավորներին և տուժածների բժշկական օգնություն ցույց տվող մի շարք հաստատությունների կամավորական աշխատանքներին, ավելի ուշ տեղափոխվել է Կ.Պոլիս:

Ստամբուլի հայաշատ Սկյուտառ շրջանում բժշկուհին դասավանդման է անցել տեղի Ամերիկյան դպրոցում  և հայտնի դարձել Դոկտոր Քավալ անվամբ:

1969թ.-ին մահացած Քավալջյանի մարմինն ամփոփված է Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի հայկական գերեզմանատանը: