Իտալիան կարող է ժամանակավոր վիզաներ տրամադրել ներգաղթյալների համար

17:41 • 18.07.17

Իտալիան կարող է ժամանակավոր վիզաներ տրամադրել, որոնք թույլ կտան ներգաղթյալներին Եվրամիության այլ երկրներ ուղևորվել: Այդ մասին հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Մարիո Ջիրոն, գրում է Reuters գործակալությունը:


Իտալիան այդ քայլով մտադիր է ճնշում գործադրել ԵՄ-ում իր հարևանների վրա՝ ավելի շատ քայլեր ձեռնարկել միգրացիոն ճգնաժամը թեթևացնելու ուղղությամբ:


Իտալիան բազմիցս հայտարարել է, որ իր եվրոպացի գործընկերները չեն կիսում երկիր ժամանող ներգաղթյալների բեռը:


Ջիրոն նշել է, որ Իտալիան ցանկանում է խուսափել միակողմանի քայլերից, բայց դեմ է ԵՄ-ի օրենքի խիստ կիրառմանը, որը պարտադրում է ներգաղթյալներին մնալ իրենց ժամանման առաջին երկրում:


«Մենք չենք ցանկանում Եվրոպայում թեժ կետ դառնալ, կամ մեղավոր զգալ այն բանի համար, որ փրկում ենք մարդկանց, այդ պատճառով ժամանող ներգաղթյալների ճակատագրի մասին որոշումը բոլորի պատասխանատվությունն է»,- ասել է Ջիրոն:


Ջիրոն հավելել է, որ Իտալիայի իշխանությունները, որոնք ընդունում են ապաստանի դիմումներ, արդեն ունեն դրանք տրամադրելու իրավունք, չնայած դեռ վաղ է խոսել դրանց տրամադրման ժամկետների կամ քանակի մասին: