ՌԴ-ում ՀՀ վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցով համաձայնություն է ձեռք բերվել, բայց հարցի լուծման վերջնական ժամկետն անորոշ է

16:24 • 30.08.17

 

Ռուսաստանի Դաշնության տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն, հաշվի առնելով, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, համաձայնության ուժի մեջ մտնելու ժամկետի մասին այս պահին հնարավոր չէ խոսել:

Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը՝ ի պատասխան հարցի, թե երբ հարցը կարելի կլինի համարել լուծված:

«Հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն երկու երկրների օրենսդրություններում»,- ասաց Արամ Արարատյանը:

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էր մտել օրենք, որը արգելում էր օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում: Հարցը քննարկվել էր ԵԱՏՄ վարչապետների հավաքի ժամանակ, սակայն լուծում չէր ստացել: