Շնորհակալությո՛ւն, Հրա՛նտ, մեզ թողած քաջության ու սիրո համար. Դինքի անվան մրցանակին այս տարի արժանացան թուրք իրավապաշտպան և չինացի արվեստագետ
Սեպտեմբերի 15-ին՝ պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրը, Ստամբուլում հերթական անգամ հանձնվեց Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը: Այս տարի դրան արժանացան թուրք փաստաբան և իրավապաշտպան Էրեն Քեսքինն ու չինացի արվեստագետ Այ Վեյվեյը, որը հայտնի է մարդու իրավունքների համար տարած պայքարով, հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը:
2009թ.-ից սկսած Հրանտ Դինքի անվան մրցանակը ստանում են Թուրքիայից և աշխարհի երկրներից երկու անձ կամ կազմակերպություն, որոնք տարվա ընթացքում իրենց գործունեությամբ պայքարել են ավելի արդար, ազատ, խաղաղ, զերծ ռասիզմից ու խտրականությունից աշխարհ ստեղծելու համար և հանուն իրենց խաղաղասեր նպատակի վտանգի են ենթարկել իրենց ու դեմ են գնացել տաբուներին:
Մրցանակակիրները նշել են, որ Հրանտ Դինքի անվան մրցանակ ստանալն իրենց համար մեծ պատիվ է, իսկ թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը շեշտել է, որ Թուրքիայում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում իրենց առաջ նետված մարտահրավերները չպետք է արգելք դառնան հավատալու իրենց արժեքներին ու դրանցից բխող սկզբունքներին հավատարիմ մնալու:
«Ինչպես կասեր Հրանտը՝ բոլորիս մեջ աղավնու դողերոցք կա այս երկրում: Սակայն դա չպետք է խանգարի մեզ քաջությամբ անել այն, ինչին հավատում ենք: Ճիշտ այնպես, ինչպես Հրանտն էր անում: Շնորհակալությո՛ւն, Հրա՛նտ, որ մեզ թողեցիր այս սերն ու քաջությունը», - ասել է Քեսքինը:
Նշենք, որ մրցանակաբաշխության ժյուրիի կազմում են եղել նաև համաշխարհային ճանաչում ունեցող կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը և ինչպես միշտ՝ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի գլխավոր տնօրեն, Դինքի այրի Ռաքել Դինքը, ինչպես նաև Թուրքիայից և արտերկրից մի շարք իրավապաշտպաններ, լրագրողներ և արվեստագետներ:










