Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս հանդիպում կունենան. Մամեդյարով

15:04 • 18.10.17

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար, հանդիպման վայրը դեռ որոշված չէ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:


«Մոտ ժամանակներս նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում: Դեռ հայտնի չէ, թե որ քաղաքում»,- ասել է Մամեդյարովը չորեքշաբթի Բաքվում լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:


Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է լինեն «ինտենսիվ և առարկայական»:


«Մենք խոսել են այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք ունեն մի շարք առաջարկներ: Արտգործնախարարների հանդիպման գլխավոր նպատակը կոնկրետ քննարկումներ անցկացնելն է»,- հավելել է նա:


Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 16-ին հանդիպում են անցկացրել Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում:


«Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասված է հայտարարությունում:


Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ, նշվել է հայտարարությունում:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս հանդիպում կունենան. Մամեդյարով