Լավրովը և Ֆիդանը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը

14:59 • 15.10.26

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը՝ շեշտը դնելով առանցքային նախագծերի իրականացման ընթացքի վրա: Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախարարների հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով երկկողմ առանցքային նախագծերի իրականացման ընթացքի վրա», - նշել են ԱԳՆ-ում:

«Դիտարկվել է բարձրագույն և բարձր մակարդակներում շփումների ժամանակացույցը», - մատնանշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

Լավրովը և Ֆիդանը հաստատել են ուկրաինական ճգնաժամի արդարացի կարգավորմանն աջակցելու կարևորությունը:

«Հաստատվել է միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման կարևորությունը, ներառյալ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի արդարացի կարգավորման հասնելու աջակցությունը», - նշել են ԱԳՆ-ում: