Երբ եկա, ինձ վրա ծիծաղում էին. Վինիսիուսը պատասխանել է քննադատներին ու մրցավարներին
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Ռոմայի» նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակից (4:3) հետո Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խախտել է լռությունը։ Բրազիլացի ֆուտբոլիստն անկեղծ զրույց է ունեցել լրագրողների հետ՝ անդրադառնալով «Սանտյագո Բեռնաբեուի» տրիբունաներից իր հասցեին հնչած սուլոցներին, փոխարինման ժամանակ իր դրսևորած զայրույթին, Լա լիգայում ստացած 4-խաղյա որակազրկմանը և մրցավարների կողմնակալ վերաբերմունքին։
Վինիսիուսը հարգանքով է մոտեցել մադրիդյան տրիբունաների դժգոհությանը, սակայն հիշեցրել է ակումբում իր ունեցած կարգավիճակի և վաստակի մասին.
«Սուլոցներն, իհարկե, չեն օգնում, բայց մարդիկ վճարում են իրենց տոմսերի համար։ Մենք ավելի լավ ենք խաղում, երբ երկրպագուները մեզ աջակցում են. այդպես ավելի լավ է խաղում Ջուդ Բելինգհեմը, ավելի լավ է խաղում Մբապեն, ավելի լավ եմ խաղում նաև ես։ Կարծում եմ՝ ինձ ամենահեշտն է քննադատության թիրախ դարձնելն ու սուլելը, քանի որ ես ամենաերկարն եմ այս թիմում և ավագներից մեկն եմ։ Բայց ես դեռ ցույց կտամ ինձ։ Երբ բոլորովին երիտասարդ տարիքում տեղափոխվեցի այստեղ, շատերն էին ծիծաղում ինձ վրա, իսկ արդյունքում ես արդեն 100-ից ավելի գոլ եմ խփել «Ռեալի» կազմում»։
Բրազիլացին չի թաքցրել, որ դժգոհ է իր ներկայիս մարզավիճակից, և բացատրել է, թե ինչու էր զայրացած փոխարինվելուց հետո.
«Նորմալ է, որ փոխարինումից հետո բարկացած էի, քանի որ միշտ ցանկանում եմ լավ մարզավիճակում լինել և օգնել թիմին։ Ես ինքս իմ վրա եմ զայրացած, որ այժմ իմ լավագույն տարբերակը չեմ։ Այդուհանդերձ, փոփոխությունները վերափոխեցին թիմի խաղը. Էնդրիկը փոխեց խաղի դինամիկան և լավագույնն էր խաղադաշտում, իսկ Կառլոսը մտավ մի քանի րոպեով ու դարձավ գոլի հեղինակ։ Ի վերջո, Վինին միշտ վերադառնում է, և ես կասկած չունեմ, որ կրկին կվերադառնամ իմ լավագույն մարզավիճակին»։
Անդրադառնալով Մրցումների անցկացման կոմիտեի կողմից իրեն տրված 4-խաղյա որակազրկմանը՝ Վինիսիուսը դժգոհություն է հայտնել ինչպես որոշման հրապարակման պահից, այնպես էլ կանոնակարգի անորոշությունից.
«Կարծում եմ՝ պատժի մասին որոշումը շատ անհարմար պահի հրապարակվեց։ Նրանք ամբողջ օրն ունեին դրա համար, բայց ես որակազրկման մասին իմացա միայն մարզադաշտ ժամանելուն պես։ Կանոնը նոր է. Լա լիգայի ներկայացուցիչները միշտ գալիս են՝ մեզ բացատրելու նորամուծությունները, բայց կոնկրետ այս կետը մեզ չէին պարզաբանել։ Ես երբեք բռնի գործողություն թույլ չեմ տվել մեկ այլ ֆուտբոլիստի նկատմամբ։ Ինձ բավականին շատ են հարվածում խաղադաշտում, բայց քարտերը միշտ ես եմ ստանում»։
Վինիսիուսը նաև տարակուսանք է հայտնել մրցավարների գործողությունների վերաբերյալ՝ կոչ անելով պաշտպանել տեխնիկապես օժտված ֆուտբոլիստներին.
«Մրցակից թիմերի երկրպագուները պե՛տք է սուլեն ինձ, քանի որ ես խաղադաշտում եմ՝ նրանց թիմերի դարպասը գրավելու համար։ Բայց մրցավարներին ես պարզապես չեմ հասկանում։ Վերջերս մի վիճակագրություն տեսա, ըստ որի՝ մրցակիցներն իմ դեմ 500 անգամ կանոնները խախտում են, որպեսզի ընդամենը 5 կարմիր քարտ ստանան, ու չգիտեմ՝ քանի դեղին, մինչդեռ դեղին քարտերը միշտ Վինիի համար են։ Ես սա չեմ հասկանում։ Մենք պետք է պաշտպանենք այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղադաշտում տարբերություն են ստեղծում, ինչպիսիք են, օրինակ, Լամին Յամալը՝ «Բարսելոնայում», կամ Խուլիան Ալվարեսը՝ «Ատլետիկոյում»»։










