Թրամփին «բռնացրել» են Ռենուարի կտավի օրիգինալն ունենալու ստի մեջ

14:36 • 19.10.17

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի «Երկու քույր» կտավը, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, օրիգինալը չէ: Այս մասին Chicago Tribune-ին հայտնել են Չիկագոյի արվեստի ինստիտուտից, որտեղ ցուցադրված է օրիգինալ կտավը:

Նշվում է, որ Թրամփը բազմիցս պարծեցել է, թե «Երկու քույր» կտավի օրիգինալը պատկանում է իրեն: Երբ Թրամփի կենսագիր Թիմ Օ՛Բրայենն ավելի վաղ ասել է նրան, որ կտավի օրիգինալը գտնվում է Չիկագոյում, Թրամփը շարունակել է պնդել իր տարբերակի վրա:

«Համոզված եմ՝ նա մինչ օրս ասում է բոլոր հյուրերին, թե դա օրիգինալն է», - ասել է գրողը:

«Նա կարող է հավատալ իր ստին տասնամյակներ շարունակ: Նա կրկին ու կրկին պատմում է նույն պատմությունները՝ ուշադրություն չդարձնելով, որ փաստերը հերքում են իր խոսքերը», - հավելել է Օ՛Բրայենը:

Չիկագոյի արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ Ամանդա Հիքսի խոսքով՝ կտավը նվիրել են հաստատությանը 1933 թվականին: