Օսկարակիր Լյուպիտա Նիոնգոն պատմել է Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին

13:16 • 20.10.17

Հոլիվուդի ամենահայտնի պրոդյուսերներից Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սկանդալը շարունակում է նոր թափ առնել: Վաթսունհինգամյա պրոդյուսերի սեռական ոտնձգությունների մասին է պատմել ևս մի դերասանուհի՝ օսկարակիր Լյուպիտա Նիոնգոն:

«Ստրկության 12 տարի» ֆիլմի աստղի անկեղծ խոստովանությունը հրապարակել է The New York Times պարբերականը:

Սևամորթ դերասանուհու խոսքով՝ ինքը Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսեր Վայնշտեյնի հետ ծանոթացել է 2011թ.՝ Բեռլինում կինոփառատոնի ժամանակ: Այն ժամանակ Նիոնգոն դեռևս ուսանողուհի էր:


Դերասանուհու պնդմամբ՝ ծանոթությունից հետո ինքն իմացել է, որ կարիերայի առաջխաղացման տեսանկյունից Վայնշտեյնի հետ ծանոթ լինելը վատ չէ, սակայն այդ տղամարդու հետ հարկավոր է զգույշ լինել:

Սկզբում նրանք փոխանակվել են կոնտակտներով. Նիոնգոն հույս է ունեցել ներգրավվել պրոդյուսերի նախագծերից որևիցե մեկում: Սակայն հետագա հանդիպումների ժամանակ Վայնշտեյնը սեռական բնույթի ոտնձգություններ է թույլ տվել: Նիոնգոյի խոսքով՝ դրանից հետո ինքը սկսել է խուսափել Վայնշտեյնից ու նրա պես տղամարդկանցից:

Սկզբում Վայնշտեյնը նրան ռեստորան է հրավիրել ու կամքին հակառակ ստիպել ոգելից խմիչք ընդունել: Դրանից հետո պրոդյուսերը Նիոնգոյին նոր ֆիլմ ցույց տալու պատրվակով իր տուն է տարել ու հաշվի չառնելով այն փաստը, որ տանը բազմաթիվ աշխատողներ՝ այդ թվում նաև 2 անչափահաս երեխաներ կան, Վայնշտեյնը նրան իր սենյակ է տարել ու առաջարկել մերսում անել:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն The New York Times պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ տասնամյակներ շարունակ տեղյակ է եղել մտերիմ ընկերոջ՝ Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը համարվող Հարվի Վայնշտեյնի կողմից կանանց հանդեպ ոչ պատշաճ վարքի մասին:


Տարանտինոյի խոսքով՝ ինքն այժմ ամաչում է, որ ժամանակին ավելի կոշտ դիրքորոշում չի ունեցել ու չի դադարեցրել Վայնշտեյնի հետ համագործակցությունը:


Օրեր առաջ բազմաթիվ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար մեղադրվող Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:

Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:

Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:

Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։

 

 

Օսկարակիր Լյուպիտա Նիոնգոն պատմել է Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին