Վերջում արտասվել եմ. Քիթ Հարինգթոնը՝ «Գահերի խաղի» վերջին դրվագի սցենարն ընթերցելու և տպավորությունների մասին (լուսանկարներ)

14:36 • 21.10.17

Անգլիացի դերասան, «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը պատմել է՝ ինչպես է ինքն ընթերցել «Գահերի խաղը» սիրված հեռուստասերիալի վերջին դրվագի սցենարը: Դերասանի արձագանքին անդրադարձել է The Daily Mail-ը:

«Անցած շաբաթ ընթերցեցինք վերջին դրվագի սցենարը: Վերջում արտասվեցի: Այժմ ես գիտեմ ամեն ինչ», - ասել է դերասանը:

Նա խոստովանել է, որ հեռուստասերիալը մի հիմնարկ էր, որում ինքն ամենաշատ ժամանակն է անցկացրել և որն իր համար դպրոց է դարձել:

«Այս ամենի մասին մտածելիս զգացմունքային եմ դառնում: Տարօրինակ տարի կլինի. հրաժեշտ կտամ բոլորին և կնկարահանվեմ նրանց հետ վերջին տեսարաններում: Միայն ես չեմ կապված հեռուստասերիալին. ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ են կապված դրան», - պատմել է նա:

Դերասանի խոսքով՝ իրեն հորդորել են մանրամասներ չհաղորդել հեռուստասերիալի նկարահանումների մասին, առավել ևս՝ լուսանկարներ չանել Բելֆաստում՝ գաղտնի պահելով գործընթացը:


Օրեր առաջ էլ «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերից Դավոս Սիվորթի դերակատար Լիամ Քանինգեմը պատմել էր, թե երբ կավարտվեն եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Դերասանի խոսքով՝ եզրափակիչ եթերաշրջանի աշխատանքները պետք է սկսվեն հոկտեմբերին և կտևեն մինչև հաջորդ ամառ:


Նշենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը ռեկորդային թվով դիտումներ է ունեցել՝ գերազանցելով նախորդ բոլոր ռեկորդները: «Վիշապն ու գայլը» սերիան դիտել է շուրջ 12,1 մլն մարդ, ինչը գրեթե 1.5 մլն-ով ավելի է նախորդ՝ 10,7 մլն ռեկորդից: Ավելի ուշ լրացուցիչ հեռարձակումներն ավելացրել են վերջին էպիզոդի դիտումների քանակը մինչև 16,5 մլն:

 

 

  

 

 

 

Վերջում արտասվել եմ. Քիթ Հարինգթոնը՝ «Գահերի խաղի» վերջին դրվագի սցենարն ընթերցելու և տպավորությունների մասին (լուսանկարներ)