Անթալիայի կինոփառատոնում չինացի արվեստագետի ֆիլմն ընդհատվել է քուրդ զինյալների մասին հիշատակման պատճառով

12:33 • 23.10.17

Անթալիայի միջազգային կինոփառատոնին մասնակցող չինացի արվեստագետի վավերագրական ֆիլմի դիտումն ընդհատվել է՝ քուրդ զինյալների մասին հիշատակման պատճառով: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Չինացի հանրահայտ արվեստագետ Այ Վեյվեյը, որը շաբաթներ առաջ արժանացել է Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ամենամյա մրցանակին, իր՝ «Մարդկային հոսք» ֆիլմում պատմել է տարբեր հակամարտությունների պատճառով իրենց քաղաքներից ու երկրներից արտագաղթած մարդկանց մասին. նկարահանումներն անցկացվել են Լիբանանում, Թուրքիայում, Հունգարիայում, Պակիստանում, Իրաքում, Իսրայելում, Պաղեստինում, Աֆղանստանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Սիրիայում և Բանգլադեշում:

Անթալիայում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ ներկաներից ոմանք դժգոհություն են հայտնել, երբ էկրանի թուրքերեն տիտրերում նկատվել է «գերիլլա» բառը. այդ բառով կոչում են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդամ քուրդ պարտիզաններին:

Ներկաներից ոմանք լքել են փառատոնի դահլիճը, ինչից հետո կազմակերպիչները որոշ ժամանակով դադարեցրել են թուրքերեն տիտրերի հեռարձակումը, այնուհետև հայտնել են տեխնիկական խնդիրների մասին ու հայտարարել, որ նման մթնոլորտում ֆիլմի դիտումը շարունակվել չի կարող:

Անթալիայի կինոփառատոնում չինացի արվեստագետի ֆիլմն ընդհատվել է քուրդ զինյալների մասին հիշատակման պատճառով