Նյու Յորքում ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, ավելի քան 10 վիրավոր. հայտնի է դարձել ահաբեկչի անունը (լուսանկարներ, տեսանյութ, թարմացված)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 8 մարդ, ավելի քան 10-ը վիրավորվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը ձերբակալված է։
Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 արգենտինացի, հայտնում է The Guardian-ը։
Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, արդեն հայտնի է ահաբեկչությունն իրականացրած անձը, նա ծնունդով Ուզբեկստանից Սաֆուլո Սաիպովն է։ Ըստ ամերիկյան հեռուստաալիքի՝ 29-ամյա Սաիպովը գրանցված է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում։ Նա Միացյալ Նահանգներ է եկել 2010թ.:
NBC հեռուստաալիքը հայտնում է, որ 29-ամյա տղամարդն ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից։
«Իրավապահ մարմիններում աղբյուրների համաձայն՝ տղամարդը, որը դարձել է 8 մարդու մահվան և ավելի քան 10 մարդու վիրավորվելու պատճառ, մեքենայում գրություն է թողել, համաձայն որի՝ նա այս հարձակումն իրականացնում է ԻՊ-ի անունից»,- ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ Սաիպովը որպես վարորդ է աշխատել Uber տաքսի ծառայությունում, տեղեկացնում է CBS News-ը՝ ընկերության ներկայացուցչին հղումով:
Հայտնի է, որ ենթադրյալ ահաբեկչին արգելափակել են տաքսու հավելվածում: Այժմ Uber-ը համագործակցում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչների հետ, որպեսզի աջակցի ահաբեկչության հետաքննությանը:
Ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվողին հոգեկան հիվանդ է անվանել:










