Մանհեթենի ահաբեկչության կասկածյալը գործել է միայնակ, նրա ձեռքում փեյնթբոլի ատրճանակ է եղել. նոր մանրամասներ (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին Մանհեթենում ահաբեկչություն իրականացնելու գործով կասկածյալ 29-ամյա Սայֆուլո Սաիպովը գործել է միայնակ, գրում է Reuters-ը:
«Որևէ ապացույց չկա առ այն, որ կասկածյալն ավելի լայնամասշտաբ ծրագիր է ունեցել: Նրա իրականացրած գործողությունները եղել են միանձնյա ու նպատակ են ունեցել մարդկանց ցավ, վնաս պատճառել, ինչպես նաև կյանքեր խլել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կուոմոն:
CNN-ի լրագրողի հարցին, թե արդյոք կասկածյալը նախկինում հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում, Նյու Յորքի նահանգապետն ասել է, որ դեռևս չի կարող տեղեկություն տալ լրագրողներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին տղամարդը վարձակալած մեքենայով դուրս է եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհի վրա ու մարդկանց վրաերթի ենթարկել՝ դառնալով 8 հոգու մահվան և մոտ 12 հոգու վիրավորվելու պատճառ: Դրանից հետո վարորդը մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ ու մեքենայով դիմել փախուստի:
Այնուամենայանիվ ոստիկաններին հաջողվել է կրակել կասկածյալի որովայնին, ինչից հետո նրան ձերբակալել են: Բազմաթիվ ամերիկյան լրատվամիջոցներ՝ այդ թվում նաև CNN-ը, գրում են, որ մեքենայից դուրս ցատկելուց առաջ կասկածյալը բղավել է՝ «Ալլա՛հ աքբար», ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Ամենազոր Աստված»: Նշվում է, որ այդ պահին նրա ձեռքում եղել է փեյնթբոլի համար նախատեսված ատրճանակ:
Հայտնի է, որ կասկածյալի մեքենայում հայտնաբերվել է գրություն, որում ասվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Սաիպովը գրանցված է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում։ Նա ծնունդով Ուզբեկստանից է ու Միացյալ Նահանգներ է եկել 2010թ.: Վկաների պատմելով՝ Սաիպովը շատ բարեհամբույր է եղել հատկապես երեխաների հետ, բայց չի սիրել, երբ իրեն լուսանկարել են:
Այժմ ահաբեկչության գործի հետաքննությանն են միացել Նյու Յորքի քաղաքային ոստիկանությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն ու իրաապահ մարմինների այլ ներկայացուցիչներ:
Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթենում կատարվածից հետո թվիթերյան գրառում է արել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ԻՊ-ը երկրի տարածք ներթափանցի:
«Մենք չպետք է թույլ տանք ԻՊ-ին վերադառնալ կամ ներթափանցել մեր երկիր՝ այն բանից հետո, երբ պարտության մատնեցինք նրանց Մերձավոր Արևելքում և ամենուր: Այլևս բավակա՛ն է»,-գրել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը:














