Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է իր որդիների հետ կապված օֆշորային սկանդալը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է իր երկու որդիների շուրջ ծագած օֆշորային սկանդալը:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Յըլդըրըմը քննադատել է լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել հարցը:
«Ես նավային ինժեներ եմ, ամբողջ կյանքում այդ գործով եմ զբաղվել, քաղաքականություն մտնելուց առաջ էլ գործս հանձնել եմ տղաներիս: Նրանք իրենց գործն են անում, ես՝ իմ: Սակայն նրանց մի խորհուրդ եմ տվել՝ պետության հետ երբեք գործ չանեք, պետական բանկերից ոչ մի աղբյուր չօգտագործեք: Նավաշինությունը գլոբալ գործ է, աշխարհի ամեն ծայրում էլ կա, սրա մեջ գաղտնի պահելու բան չկա»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ պնդելով, որ համացանցն այսօր թույլ է տալիս ցանկացած մարդու ձեռք բերել ամեն տեսակի տեղեկություն յուրաքանչյուր գործարարի ունեցվածքի մասին:
Նա նաև պնդել է, որ իր որդիների՝ Թուրքիայում գտնվող ընկերությունները երկրի ամենախոշոր հարկատուներն են:
«Իմ ժողովուրդն ինձ գիտի, ես անձեռնմխելիություն ունեմ, բայց տղաներս չունեն, այստեղից հրավիրում եմ՝ ով ցանկանում է՝ ամեն տեսակի հետաքննություն կարող է սկսել ու կատարել: Փողն այսօր կա, վաղը չկա, բայց մարդու համբավն իր հետ այն աշխարհ էլ է գնում: Երբ դուք մեզ մեղադրում եք հարկ չվճարելու համար, իմ որդիների ստամբուլյան ընկերություններն այս պետության ամենախոշոր հարկատուների ցանկում են տեղ գտնում», - ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ ըստ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի՝ Թուրքիայի վարչապետի որդիներ Էքրամ և Բյուլենթ Յըլդըրըմները բավականին մեծ գումարներ են ներդրել Մալթայում գտնվող նավաշինական օֆշորային ընկերություններում:
Ի դեպ, ավելի վաղ Բինալի Յըլդըրըմի որդիներից Էքրամը հայտնվել էր ընդդիմադիր մամուլի թիրախում, երբ համացանցում էին հայտնվել նրա՝ Սինգապուրի խաղատներից մեկում արված աղմկահարույց լուսանկարները:










