ԱՄՆ-ի հին իրերի շուկաներից մեկում հայտնաբերված ավազակի լուսանկարը գնահատվել է մի քանի միլիոն դոլար (լուսանկար)

23:24 • 15.11.17

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի հին իրերի շուկաներից մեկում հայտնաբերված հին ֆերոտիպը լեգենդար Բիլլի Քիդի և նրան սպանող Պետ Գարետի լուսանկարն է: Մասնագետները մի քանի միլիոն դոլար են գնահատել լուսանկարը: Այս մասին հայտնում է CBS-ը:

Հայտնի է, որ 2011 թվականին Հյուսիսային Կարոլինայի բնակիչ Ֆրենկ Ադամսը հին իրերի շուկայում 10 դոլարով գնել և իր տանը կախել է 5 տղամարդու պատկերող մետաղյա սկավառակը:

Չորս տարի անց նա նորություններում հաղորդում է տեսել կալիֆոռնիացի կոլեկցիոներ Ռենդի Գիհարոի մասին, որը հին իրերի շուկայում տեսել է Բիլլի Քիդի անհայտ լուսանկարը: Այն վաճառվում էր ընդամենը երկու դոլարով, իսկ փորձաքննությունից հետո դրա արժողությունը բարձրացել է՝ հասնելով հինգ միլիոն դոլարի:

Աբրամսն ուսումնասիրել է իր ֆերոտիպը և ուշադրություն դարձրել, որ աջ մասում պատկերված տղամարդը շատ է նման շերիֆ Պետ Գարետին, իսկ ձախ մասում պատկերված առանց մորուքի երիտասարդը հիշեցնում է Բիլլի Քիդին: Նա ցույց է տվել ֆերոտիպը փորձագետներին, և նրանք հաստատել են այս կասկածները: Լուսանկարի հետևի մասում հայտնաբերվել է Պետ Գարետի ստորագրությունը և ամսաթիվը՝ 1880 թվականի օգոստոսի երկուսը:

Նշվում է, որ սա ճանաչված ավազակի և նրան սպանողի միակ լուսանկարն է սա, որ հայտնի է մասնագետներին: Այդ իսկ պատճառով սկավառակի արժողությունը կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քան Ռենդի Գիհարոի գտած լուսանկարի արժողությունը:

ԱՄՆ-ի հին իրերի շուկաներից մեկում հայտնաբերված ավազակի լուսանկարը գնահատվել է մի քանի միլիոն դոլար (լուսանկար)