Բրյուսելում հայտնաբերվել է Մագրիտի մասնատված կտավի վերջին մասը
Բրյուսելում հայտնաբերվել է բելգիացի նկարիչ, սյուրռեալիստ Ռենե Մագրիտի1927 թվականին նկարած, այնուհետև 4 մասի բաժանված «Հմայված դիրք» կտավի վերջին մասը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կտավի պակասող մասը հայտնաբերվել է ռենտգենի միջոցով: Այն եղել է նկարչի մեկ այլ գործի՝ «Աստվածը սուրբ չէ» կտավի տակ:
Նշվում է, որ կորած համարվող մասը գտնելու գործում Բրյուսելի Գեղարվեստի թանգարանին օգնել են Լիեժի համալսարանի արխեոմետրիայի եվրոպական կենտրոնի փորձագետները:
Ենթադրվում է, որ 1932 թվականին Մագրիտը կտրել է «Հմայված դիրք»-ը՝ այն բաժանելով 4 մասի՝ ստացված կտավները կրկին օգտագործելու համար: Ամենայն հավանականությամբ, նա դիմել է այս քայլին միջոցներ տնտեսելու նպատակով:
Հայտնի է, որ կտավի առաջին մասը հայտնաբերվել է 2013 թվականին Նյու Յորքում՝ «Դիմանկար» կտավի տակ: Ավելի ուշ հաջողվել է գտնել ևս երկու մաս՝ Ստոկհոլմում և Մեծ Բրիտանիայում:
Այժմ «Հմայված դիրք» կտավի վիրտուալ տարբերակը կարելի է տեսնել Բրյուսելում՝ Ռենե Մագրիտի թանգարանում:










