Christie’s-ն աճուրդի կհանի Դա Վինչիի գլուխգործոցը. փորձագետներն ակնկալում են 100 մլն դոլարի վաճառք
Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է այսօր վաճառքի հանել Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոանարդո դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավը:
Ինչպես նշում է The Guardian-ը, 500 տարի առաջ նկարված կտավը հայտնաբերվել էր 2005թ.: Այն համարվում է Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավը, որն ըստ մասնագետների կանխատեսման՝ կարող է վաճառվել 100 մլն դոլարով:
Նշվում է, որ «Սալվատոր Մունդի»-ն հանճարեղ իտալացու այն կտավներից մեկն է, որը հարյուրամյակներ շարունակ կորած է համարվել:
Christie's-ի ներկայացուցիչ Լյուկ Գուզերն ընդգծել է, որ նման կտավն աճուրդի հանելը կյանքում ընդամենը մեկ անգամ ընձեռվող պատիվ է:
Հայտնի է, որ «Սալվատոր Մունդի» կտավում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Հեղինակն այն նկարել է հանրահայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նույն ժամանակահատվածում: Կտավը ստեղծվել է 1506-1513թթ. ընթացքում՝ Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար:
Աղբյուրը հավելում է, որ նախքան նոյեմբերի 15-ին աճուրդի հանվելը, կտավը կցուցադրվել է Հոնկոնգում, Սան Ֆրանցիսկոյում ու Լոնդոնում:










